Ի՞նչ է ակնարկում ՊԵԿ-ից հեռացած «Նակոլկա Շուշոն». ուշագրավ ինքնախոստովանություն
ՎերլուծականՀունիսի 8-ին ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից ազատված Շուշանիկ Ներսիսյանն օրերս ուշագրավ հարցազրույց է տվել, որում արված մի շարք շեշտադրումներ ուշադրության են արժանի:
Ինչպես գիտենք, հեղափոխությունից հետո շատ էր խոսվում այն մասին, որ Ներսիսյանի ղեկավարած մաքսային ոլորտում առկա են կոռուպցիոն որոշ դրսևորումներ: Հարցազրույցում խոսելով մաքսանենգության և կոռուպցիայի մասին` նա, մասնավորապես, նշել է, որ խնդիրներ, իհարկե, բոլոր տեղերում կան, եւ այդ խնդիրներին լուծում տալով՝ առաջ են գնում. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, եթե վերցնում եք մի համակարգ, որը լի է բազում խնդիրներով, 1 կամ 2 տարվա ընթացքում էդ ամբողջ խնդիրները պետք է ինչ-որ փայտիկով․․․ Ոչ մեկիս ձեռքը կախարդական փայտիկ չկա։ Էդ խնդիրները հօդս չեն ցնդելու, էդ խնդիրները լուծելով՝ պիտի առաջ գնանք»։
Այսինքն` Ներսիսյանը մի կողմից հաստատում է այն տեղեկությունները, որ տարիներ շարունակ պտտվում էին մամուլում, որ համակարգում առկա են կոռուպցիոն դրսևորումներ, մյուս կողմից, ինչը էլ ավելի հետաքրքիր է, փաստում է, որ դրանք դեռևս առկա են անգամ իր հեռանալուց հետո էլ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ըստ Շուշանիկ Ներսիսյանի՝ Բադասյանը աչք է փակում, կամ այսպես ասած՝ բավարար ժրաջանություն չի դրսևորում առկա խնդիրները լուծելու հարցում:
Ինչևէ, Շուշանիկ Ներսիսյանի այս խոսքերը բավական հետաքրքիր ինքնախոստովանություն էին և իրենց մեջ նույնիսկ հանցագործության մասին հաղորդում էին պարունակում, իհարկե, եթե պատկան մարմինները փորձեն հասկանալ նաև ասվածի տողատակերը...