Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել ցուցարարներին
ՎրաստանՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է իր հանդիպումները Նյու Յորքում՝ Թբիլիսիում տեղի ունեցող ցույցերի պատճառով և դիմել է բնակչությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագահի աշխատակազմի տվյալներով՝ Զուրաբիշվիլին այժմ այցով գտնվում է ԱՄՆ-ում։
«Ես դիմում եմ նրանց, ովքեր այս գիշեր Ռուսթավելիում են կանգնած, ես ձեր կողքին եմ, քանի որ դուք ներկայացնում եք ազատ Վրաստանը։ Ոչ ոք իրավունք չունի ձեզնից խլել ձեր ապագան։ Ոչ ոք իրավունք չունի թակարդներ գցել»,- իր խոսքում ասել է Վրաստանի նախագահը՝ աջակցություն հայտնելով ցուցարարներին։
Մարտի 7-ի երեկոյան Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը օտարերկրյա գործակալների մասին, որի պատճառով հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց։ Ցուցարարները փորձել են մոտենալ խորհրդարանի ծառայողական մուտքին, սակայն ոստիկանները փակել են մուտքը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, պատգամավորները տարհանվել են Վրաստանի խորհրդարանի շենքից։