Վրաստանի նախագահն առանց կառավարության թույլտվության մեկնել է Ֆրանսիա
ՎրաստանՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության ֆորումին՝ առանց կառավարությունից թույլտվություն խնդրելու։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ոչ, նա (Զուրաբիշվիլին - նշում է ՏԱՍՍ-ը) թույլտվություն ստանալու համար մեզ հետ չի կապվել»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանի ղեկավարի վարչակազմը, Փարիզում Զուրաբիշվիլին կմասնակցի պանելային քննարկմանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ միասին։ Համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա այնտեղ է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։