Իվանիշվիլին կարող է դառնալ Վրաստանի նախագահ․ ԶԼՄ
ՎրաստանՄիլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահը, 2024 թվականի վերջին կարող է դառնալ Վրաստանի նախագահ։ Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը՝ հղում անելով ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաալիքին։
«Բիձինա Իվանիշվիլիի համար իրադարձությունների այս զարգացումը նշանակում է, որ նա լուրջ քաղաքական անձեռնմխելիություն ձեռք կբերի առաջիկա հինգ տարիների ընթացքում»,- նշել է քաղաքագետ Գիա Խուխաշվիլին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Վրաստանի ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին կարող է փոխարինել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ինչը, ենթադրաբար, օգտակար կլինի 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
«Վրացական երազանք»-ը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։