Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո
Օրվա խորհուրդ
Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո մայիսի 11-ից կգործի «Փարաջանով 100» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկանում ենք նախաձեռնությունը համատեղ է՝ Փարաջանովի և «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարաններինը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։
«Համատեղ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը հղացվել էր դեռևս մեկ տարի առաջ, ինչը, հանգամանքների բերումով, հնարավոր դարձավ իրագործել այս տարի` կինոռեժիսորի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ցուցահանդեսը կգործի մինչև այս տարվա սեպտեմբեր, նշեց «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի» թանգարանների տնօրեն Անի Նազարյանը՝ տեղեկացնելով, որ ներկայացված են Փարաջանովի անձնական լուսանկարներից, լուսանկարներ ֆիլմերից, ինչպես նաև ֆիլմերի հագուստների էսքիզներ:
Մինչև սեպտեմբեր Գյումրիում ապրող արվեստասեր հանրությանն ու քաղաքի հյուրերին հնարավորություն կտրվի լուսանկարների միջոցով վայելել կինոռեժիսորի ստեղծագործություններն ու ծանոթանալ նրա առօրյային:
