Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնում բնապահպանները թեկնածու ունեն
Հասարակություն
Երբ անցյալ ուրբաթ «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի մրցույթում միակ թեկնածուի՝ Գաբրիել Պողոսյանի հաղթանակից հետո բնապահպան ակտիվիսիտները մեծ աղմուկ բարձրացրին՝ պնդելով, որ վերջինս միջնակարգ կրթություն ունի և ժամանակին մեղադրվել է որսագողության մեջ, Վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը և Կովկասի բնության ֆոնդի ներկայացուցիչներ Արման Վերմիշյանը հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ հիմնադրամները բավարարված չեն մրցույթի արդյունքով և դադարեցնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար նախատեսված ֆինանսավորումները:
Այնուհետև Գաբրիել Պողոսյանը այլ ծանրաբեռնվածություններ ունենալու պատճառով խնդրեց ընթացք չտալ տնօրեն նշանակվելու իր դիմումին:
Lurer.com-ի հետ զրույցում Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը նշեց, որ դեռևս արգելոցի տնօրենի նոր մրցույթ չի հայտարարվել և մրցույթի մասին սահմանված կարգով կհայտարարվի:
Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանն էլ ասաց, որ բնապահպանները ևս արգելոցի տնօրենի պաշտոնի համար թեկնածուներ ունեն, ովքեր ունեն համապատասխան փորձ ու կրթություն: Այդ թեկնածուները ևս կմասնակցեն մրցույթին:
Հարցին, թե ովքեր են այդ թեկնածուները, բնապահպանը չցանկացավ անուններ տալ. «Անուններ չեմ կարող հրապարակել, ըստ իրենց ցանկության, իհարկե, անունները գաղտնիք չեն, ուղղակի նրանց ցանկությունն է այդպիսին»,-ասաց Եղիա Ներսիսյանը և նշեց, որ թեկնածուները հասարակության կողմից այդքան էլ ճանաչված չեն:
«Բոլորը կարծում են, թե բնապահպանները ուզում են իրենց մարդուն առաջ տանել, այդպիսի բան չկա, ժողովուրդ: Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, երբ մենք այդ հարցը բերեցինք հանրային հրապարակ, շատերը ցանկություն հայտնեցին մասնակցել այդ մրցույթին»,-ասում է ակտիվիստը և նկատում, որ շատերը պարզապես վախենում են դեմ դուրս գալ ներկայիս օլիգարխիային և մասնակցել այդ մրցույթին: Չնայած՝ իրենք իրենց աջակցությունն են հայտնել պոտենցիալ թեկնածուներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը