Այսօր Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն է:
Բաղրամյանը ծնվել է Չարդախլու գյուղում, 1897-ի դեկտեմբերի 2-ին: Նախնական կրթությունը ստացել է Գանձակի երկաթուղային դպրոցում: 1915-ին նա արդեն բանակում էր: Կարճ ժամանակ մասնակցելով Կովկասյան ռազմաճակատի մարտերին` ընդունվում է Թիֆլիսի ենթասպաների դպրոցը: Այն ավարտելուց հետո 1917 թվականին կրկին մեկնում է ռազմաճակատ` համալրելու Էրզրումի շրջանում գործող ռուսական զորքերի շարքերը: 1917-18 թվականներին Բաղրամյանն ականատես է լինում Կովկասյան ռազմաճակատում կատարված արմատական փոփոխություններին, մասնակցում հայ ժողովրդի ազատության համար մղված կռիվներին, մասնավորապես Սարդարապատի մարտերին:
1920 թվականին Բաղրամյանը մասնակցում է Ալեքսանդրապոլի Մայիսյան ապստամբությանը:
Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերից նա կարմիր բանակի շարքերում էր: Այդ ժամանակից սկսած Հ. Բաղրամյանը գտնվում էր մեր զինված ուժերի կազմում: Իր բարձր ընդունակության, արտակարգ աշխատասիրության, կազմակերպչական կարողության ու կարգապահության, ռազմական գործի նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ նա շատ արագորեն է անցել ծառայության սանդուղքներով: Համառոտակի ահա այդ ուղին:
1921-23 թվականներին հեծյալ էսկադրոնի հրամանատար էր: Մի որոշ ժամանակ աշխատում էր նաև Խորհրդային Հայաստանի ռազմական ժողկոմատում:
1923-31 թվականներին հայկական հեծյալ գնդի հրամանատարն էր:
Ռազմական-տեսական գիտելիքները խորացնելու նպատակով 1925-ին սովորում և ավարտում է կարմիր բանակի հեծյալ զորքերի հրամկազմի վերապատրաստման դասընթացները ու նորից վերադառնում հայկական հեծյալ գունդ:
1931 թվականին գործուղվում է Լենինգրադ` սովորելու հեծելազորի բարձր հրամկազմի վերապատրաստման կուրսերում: Այն ևս ավարտում է մեծ հաջողությամբ: Կարճատև ծառայությունից հետո իրականանում է նրա վաղեմի ցանկությունը` սովորել Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որը գերազանց ավարտում է 1934-ին: Այնուհետև նրան տեսնում ենք բանվորագյուղացիական կարմիր բանակի գերագույն շտաբի ակադեմիայի սովորողների շարքերում (1936-38), որը նույնպես ավարտում է փայլուն կերպով: Գերագույն շտաբի ակադեմիայի ղեկավարության միջնորդությամբ և պաշտպանության մինիստրի հրամանով Բաղրամյանը նշանակվում է ակադեմիայի դասախոս: Օժտված լինելով խոր գիտելիքներով և ռազմամանկավարժական հիանալի տակտով` նա լուրջ ավանդ է ներդնում մեր բանակի համար բարձր հրամանատարական կադրեր պատրաստելու գործում` դասախոսելով ռազմական արվեստի պատմություն առարկան:
Սակայն, ինչպես շատ զինվորականներ, այնպես էլ Բաղրամյանը գերադասում է ծառայությունը շարունակել բանակում: Եվ ահա 1940-ի սեպտեմբերին նշանակվում է Կիևի Կարմրադրոշ ռազմական հատուկ օկրուգի բանակներից մեկի, ապա` օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ: 1941 թվականի հունիսի 22-ին այդ պաշտոնում էլ նա դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը: Կիևի պաշտպանության հերոսական և հարավարևմտյան ռազմաճակատի նահանջի ծանր օրերին Բաղրամյանը եղել է շտաբի պետի տեղակալ, ապա շտաբի պետ, իսկ 1942-ի հուլիսից նշանակվել է բանակի հրամանատար: 1943-ի ամռանը, որպես 11-րդ գվարդիական բանակի հրամանատար, իր զորքերով, գտնվելով հարձակման գլխավոր ուղղություններում, վճռական դեր է խաղացել Օրյոլ-Կուրսկի հռչակավոր ճակատամարտում: Նոյեմբերին գեներալ գնդապետ Բաղրամյանը նշանակվում է առաջին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հրամանատար: Մեծ են այդ ռազմաճակատի և նրա հրամանատարի ծառայությունները Բելոռուսիայի ազատագրման գործում, հատկապես Բոբրոցսկի օպերացիայում: Խորհրդային զորքերի` 1944-45 թվականների հաղթարշավի օրերին բանակի գեներալ Բաղրամյանի ղեկավարած զորքերը փայլուն հաղթանակներ տարան գերմանաֆաշիստական հորդաների դեմ` Մերձբալթիկայում և Արևելյան Պրուսիայում:
Պատերազմի հաղթական ավարտից հետո, 1945-1954 թվականներին, բանակի գեներալ Բաղրամյանը վարում էր Մերձբալթյան ռազմական օկրուգի զորահրամանատարի պաշտոնը: Այդ տարիներին նա մեծ ներդրում կատարեց երկրամասում ֆաշիստական օկուպացիոն ռեժիմի հետևանքները վերացնելու գործում: Էստոնիայում, Լատվիայում, Կալինինգրադի մարզում Բաղրամյանը բարի անուն է թողել ոչ միայն զորքերի, այլև աշխատավորության, կուսակցության, խորհրդային ակտիվի ամենալայն շրջաններում:
1954-ին Բաղրամյանը նշանակվում է պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ, ապա` նախարարի տեղակալ: Հաջորդ տարվա մարտի 11-ին նրան շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում: 1956-1958 թվականներին նա գերագույն շտաբի ակադեմիայի պետն էր, ուր եռանդուն գործունեություն ծավալեց Խորհրդային Միության և սոցիալիստական երկրների բանակների համար բարձր հրամկազմի պատրաստման պատվավոր գործում:
Այնուհետև Բաղրամյանը կրկին նշանակվում է պաշտպանության նախարարի տեղակալ և զինված ուժերի թիկունքի պետ: Այդ պատասխանատու պաշտոններում լայնորեն են դրսևորվում մարշալի կազմակերպչական կարողությունները: Հիշենք գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ բանակում և նավատորմում տեղի ունեցած տեխնիկական վերափոխությունները և դրա հիման վրա բանակի նյութատեխնիկական հագեցման պրոբլեմը, որոնց լուծման գործում իր տաղանդն է ներդրել նաև Հ. Բաղրամյանը:
1968 թվականից Բաղրամյանը փոխադրվում է պաշտպանության նախարարության գերագույն շտաբի գեներալ-տեսուչների խումբը, ուր և շարունակում է իր ծառայությունը մինչև մահ:
Իր բազում ծառայությունների համար նա պարգևատրվել է Լենինի 6, Կարմիր դրոշի 3, Սուվորովի առաջին աստիճանի 2, Կուտուզովի, Հոկտեմբերյան հեղափոխության, ինչպես նաև Լեհական Ժողովրդական Հանրապետության, Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով:
Նա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի մի շարք գումարումների դեպուտատ է եղել, ԽՄԿԿ կենտկոմի անդամ: Բազմիցս ընտրվել է նաև Հայկական ԽՍՀ և Մերձբալթյան հանրապետությունների գերագույն խորհուրդների դեպուտատ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը