Փոխվարչապետը հանդիպեց ԶՖԳ գլխավոր տնօրենի հետ
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Փարիզում հանդիպեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գլխավոր տնօրեն Դով Զերահի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կողմերը քննարկեցին ջրային, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Դով Զերահն անդրադարձավ ԶՖԳ պատվիրակության՝ վերջերս Երեւան կատարած այցին՝ նշելով, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ջրամատակարարման ու ջրահեռացման եւ մի շարք այլ ոլորտներում ծրագրերի վերաբերյալ: Գործակալությունը Հայաստանում նախատեսում է նաեւ գյուղատնտեսության, մասնավոր հատվածի, հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված, ինչպես նաեւ ջրամբարաշինության (մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման) նախագծեր իրականացնել: Հեռանկարային են համարվում գյուղական տարածքների զարգացման ծրագրերը:
ԶՖԳ գլխավոր տնօրենը ողջունելի համարեց նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով արդյունավետ գործակցությունը՝ նշելով, որ գործակալությունը սատարում է այդ ուղղությամբ աշխատանքներին: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել համագործակցության խորացմանը՝ համատեղ ծրագրերի իրականացման գործում ԵՄ ու միջազգային այլ դոնոր կազմակերպություններից միջոցներ ներգրավելով:
Փոխվարչապետը ողջունեց Հայաստանի հետ փոխգործակցության խորացման գործակալության մտադրությունները՝ նկատելով, որ ԶՖԳ-ի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներն առաջնային են նաեւ Հայաստանի կառավարության համար: Նա ընդգծեց ԶՖԳ փորձառությունը տարբեր երկրներում զարգացման հաջող ծրագրերի իրականացման գործում եւ հայկական կողմից փոխշահավետ նախագծերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ԶՖԳ-ն կմասնակցի հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովին:
Նշենք, որ ԶՖԳ-ն ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, որոնք հիմնականում ուղղված են տնտեսության աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը