Համաշխարհային բանկը բարձր է գնահատել բարեփոխումները
Հասարակություն
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, ծրագրի խորհրդական Կլաուս Դեկերին և «Դատաիրավական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Արթուր Թունյանին:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում՝ կատարողական վարույթների աննախադեպ աճ է գրանցվել, և առանց հաստիքների ավելացման, կարողանում ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- նշել է Միհրան Պողոսյանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Համաշխարհային բանկի և ԴԱՀԿ ապահովող ծառայության միջև համագործակցության ընթացքը և արդյունքները: Այդ համատեքստում Կլաուս Դեկերը կարևորել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները:
Դավիթ Մելիքյանը, ով ծանոթ է Հայաստանի Հանրապետությունում ներկայում իրականացվող էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման գործընթացներին, ընդգծել է, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն այդ գործընթացում բացառիկ լավ արդյունք ունի՝ միաժամանակ կարևորելով էլեկտրոնային կառավարման գործընթացներում ծառայության անձնակազմի պարբերական վերապատրաստումն ու ատեստավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ծառայությունում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, որոնք գտնվում են ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավարի ուշադրության կենտրոնում:
Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ի կողմից ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար և հույս հայտնել, որ փոխգործակցությունը շարունակական կլինի:
ՀԲ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ապագայում նույնպես շարունակել ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցությունը:
Նշենք, որ «էլեկտրոնային վարույթ» համակարգի հիմնական նպատակն է «ՔԱՍՏ» և «Դատալեքս» տվյալների բազաների համակարգերի միջև կապի ստեղծումը և համատեղելիության ապահովումը: Դա հնարավորություն կտա համակարգի վերջնական օգտատերերին վերստանալ դատական վարույթների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմում՝ այսպիսով բարձրացնելով ծառայության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը