Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին
Հայաստան
Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաքելությանը և Հայաստանի ու հանձնաժողովի համագործակցության հեռանկարներին: Վեհափառ Հայրապետն այս առիթով գոհունակություն հայտնեց՝ ընդգծելով ժողովուրդների և երկրների միջև բարեկամական կապերի ու գործակցության պահպանության ու զարգացման կարևորությունը ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու տիար Վ. Խրիստենկոն խոսեցին նաև հայ-ռուսական, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունն ուրախությամբ արձանագրեց, որ երկու ժողովուրդների բարեկամության ձևավորման ակունքներում Հայ Եկեղեցին է կանգնած: Անդրադառնալով տիար Խրիստենկոյի՝ Ռուս Եկեղեցուն մատուցած ծառայություններին՝ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նրա նվիրումն ու հավատավոր ոգին՝ մաղթելով Աստծու զորակցությունն իր գործունեության մեջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի