Աշոտ Լյուդվիգովիչը նախ լքեց «32-ատամ»-ը, ապա՝ Հայաստանը
Հասարակություն
Նախկին 32-ատամ ակումբի անդամ Աշոտ Լյուդվիգովիչը արդեն մի քանի տարի է, ինչ այլևս հանդես չի գալիս այդ նախագծում: Ինչպես շատերս գիտենք նա մասնագիտությամն վիրաբուժ է, և հենց իր մասնագիտության վրա էլ կենտրոնացել էր Աշոտը բեմը թողնելուց հետո: Իսկ վերջերս սկսեցին շրջանառվել լուրեր, որ նա պատրաստվում է նաև լքել Հայաստանը: Yes.am-ի հետ զրույցում Աշոտը հաստատել է այս լուրը:
Ըստ Աշոտի՝ դեկտեմբերին Հայաստանից հեռանալու պատճառը Քուվեյթի առաջատար հիվանդանոցներից մեկից ստացած առաջարկն է. պլաստիկ վիրաբույժն այսուհետև կաշխատի այնտեղ: «Այո, այսուհետև ապրելու և աշխատելու եմ Քուվեյթում, բայց ամիսը մեկ կամ երկու անգամ 10 օրով մեկնելու եմ Մոսկվա՝ այնտեղ ևս վիրահատություններ անելու: Այստեղից էլ արդեն մեկ տարի է՝ ամիսը մեկ Մոսկվայում եմ լինում՝ վիրահատություն կատարելու նպատակով,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտը՝ նաև տեղեկացնելով,- Քուվեյթի կենտրոնական հիվանդանոցներից մեկում դիմածնոտային վիրաբույժի կարիք ունեին, և հիվանդները խնդրել էին լավ վիրաբույժ բերել: Տնօրենն էլ համացանցի միջոցով փնտրել է տարբեր երկրների վիրաբույժների և, կարդալով իմ մասին, ծանոթանալով ինձ մոտ վիրահատված հաճախորդների կարծիքներին՝ իմ մասին հարցուփորձ է արել իրեն ծանոթ մի հայի, ում ես էի վիրահատել: Նրանք նույնիսկ իրենց հիվանդանոցի ադմինիստրատորին էին օգոստոսի վերջին ուղարկել ինձ մոտ՝ վիրահատության, որպեսզի սեփական օրինակով ծանոթանային իմ աշխատաոճին: Էդպես էլ ծնվեց համագործակցությունը»:
Աշոտի տեղեկացմամբ՝ այժմ երեքամսյա պայմանագիր է կնքել այդ կլինիկայի հետ: «Չնայած իրենք ցանկանում էին, որ մեկ տարով լինի պայմանագիրը, սակայն ես փորձեցի հնարավորինս կարճացնել ժամկետները, քանի որ կցանկանայի նախ՝ ապրել այնտեղ՝ համոզվելու, որ կլիմայական պայմանները բավարար են ինձ և ընտանիքիս համար, ապա՝ ընտանիքս ևս կմիանա ինձ, և գուցե տարիների պայմանագիր կնքեմ նրանց հետ»,- մանրամասնեց հայտնի վիրաբույժը: Նշենք, որ Աշոտն առայժմ միայնակ է մեկնում դպրոցում սովորող տղայի պատճառով, քանի որ չէր ցանկանա, որ ընտանիքն էլ իր հետ մեկներ ու ինչ-որ բան չստացվելու դեպքում հետ վերադառնար: «Մեծ տղաս՝ Միքայելը, երբ իմացավ Հայաստանից մեկնելու մասին, ասաց. «Բա էլ Ղարաբաղ չենք գնալու»: Եթե նույնիսկ երեք օր ազատ ժամանակ եմ ունենում, ընտանիքով Ղարաբաղ ենք գնում՝ ծնողներիս տեսնելու»,- ավելացրեց պլաստիկ վիրաբույժը: Այն հարցին՝ արդյոք այստեղի հիվանդները չե՞ն տխրել հայտնի վիրաբույժի՝ Հայաստանը լքելու փաստից, նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, ուրախ են ինձ համար, քանի որ ամեն օր նման առաջարկ չես ստանում, բայց նաև տխրել են»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը