Բոտուլիզմից այս տարի մահացել է 4 մարդ
Հասարակություն
Այս տարի հանրապետությունում գրանցվել է բոտուլիզմի թունավորման 16 դեպք, տուժել է 30 մարդ, մահացել՝ 4-ը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
Նա նշեց, որ հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելու հետևանքով: «Բոտուլիզմը ծանր սննդային հիվանդություն է, որն անօդ տարածությունում է զարգանում, իսկ մահանում է բարձր ճնշման տակ, որը տնային պայմաններում ապահովելն անհնար է: Միշտ խորհուրդ եմ տալիս տնային պայմաններում պատրաստված սննդամթերք չօգտագործել կամ օգտագործելուց առաջ եռացնել 25 րոպե»,-ասաց մասնագետը:
Վերջինս նաև հավելեց, որ մահվան դեպքերը հիմնականում գրանցվել են Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում:
«Բոտուլիզմով հիվանդի մոտ առաջանում է սրտխառնոց, փսխում, գլխացավ, կոպերի անկում, ռնգախոսություն: Սրանք հիմնական նշաններն են»,-տեղեկացրեց Մարգարիտա Բաբայանը:
Նրա խոսքով՝ ախտահարված պահածոյի ո՛չ համը, ո՛չ տեսքը չեն փոխվում, այն նույնիսկ կրում է օջախային բնույթ. հնարավոր է՝ 4-5 հոգի ուտեն, բայց թունավորվի միայն մեկը. թույնը լինում է միայն ախտահարված տարածքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից 12 օր է:
Մասնագետը Ամանորին ընդառաջ տնային տնեսուհիներին խորհուրդ տվեց ուտեստները միշտ թարմ պատրաստել, իսկ աղցաններ պատրաստելիս զգույշ լինել և վտանգավոր հավելումները՝ մայոնեզը, թթվասերը ավելացնել մատուցելուց առաջ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը