Հակոբ Սանասարյանը դուրս է գալիս Սևանի հանձնաժողովից
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սևանի հանձնաժողովի անդամ, «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս հանձնաժողովից: Սանասարյանը հայտարարեց, որ Սևանա լճի հետ կապված կառավարության հայտարարած քաղաքականությունը չի իրականացվում. «Լիճը խոստացվածի համաձայն չի բարձրանում, և դժվար թե առաջիկա մի քանի տարում ականատես լինենք Հայաստանի համար ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող այդ օբյեկտի՝ Սևանա լճի մակարդակի բարձրացմանը»:
Նրա պնդմամբ՝ լճի ջուրը նպատակային չի օգտագործվում. «Հունիսի 20-ին Սևանից ջրային ոլորտի պատասխանատուները վերցրել են 99 միլիոն խորանարդ մետր ջուր ոռոգման նպատակով, պատճառաբանելով, որ երաշտ է, բայց ձնածածկույթը նորմայից բարձր է եղել 2-3 անգամ, Ապարանի և Ազատանի ջրամբարները հարյուր տոկոսով լցված են եղել»:
Ըստ Հակոբ Սանասարյանի Սևանա լճի մակարդակի բարձրացումը արհեստականորեն դանդաղեցվում է, որպեսզի ափամերձ հանգստի գոտիներում գտնվող 4000-ից ավելի շինությունները չտեղափոխվեն, և դրանց գործունեությունը չտուժի:
Նա խոսեց նաև Սևանից ձկների կողոպուտի մասին, նշելով, որ Սիգը չունի բնական պոտենցիալ, ինչպես նաև նշեց, որ իրեն զայրացրել է այն փաստը, որ որ Սևանի հետ կապված փաստաթղթերը գաղտնի է պահվում, և նախարարի հատուկ թույլտվությունից հետո միայն կարող են հանձնաժողովի անդամները դրանք ձեռք բերել և ծանոթանալ:
Սանասարյանի պնդմամբ այս ամենի մեջ մեղավորություն ունի նաև Համաշխարհային բանկը, որի փորձագետները պարբերաբար կեղծ փորձագիտական եզրակացություններ են անում, համաձայն որոնց՝ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կտուժի, եթե լճի մակարդակը բարձրանա:
Հիշեցնենք , որ վերոնշյալ հանձնաժողովը ստեղծվել էր նախագահի կարգադրությամբ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին և պետք է զբաղվեր Սևանա լճի հիմնահարցերով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը