Ո՞վ է պարտք գյումրեցիներին
Հասարակություն
Այսօր Գյումրու քաղաքապետարանի մոտ էին հավաքվել «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր քաղաքապետարանից պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
«Ըստ էության, տարօրինակ դեպք տեղի ունեցավ, քանի որ քաղաքապետարան էին եկել մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքապետարանից պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը, և երբ մենք սկսեցինք հետաքրքրվել, թե որ ընկերության և ինչ աշխատակիցներ են, պարզվեց, որ նրանք «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի աշխատակիցներն են, ովքեր այդ ընկերության հետ ունեցել են աշխատանքային պայմանագրեր, կատարել են որոշակի աշխատանքներ և արդեն մի քանի ամիս է՝ չեն վճարվել: Մենք աշխատակիցների հետ երկարատև զրույցից հետո պարզեցինք, որ քաղաքապետարանը նրանց որևէ պարտք ունենալ չի կարող, քաղաքապատարանը նրանց նկատմամբ որևէ պարտավորություն չունի և իրենք իրենց աշխատավարձերը կարող են պահանջել միայն ու միայն իրենց գործատուից»,-ասաց մամուլի խոսնակը:
Զոհրապ Եգանյանը նշեց նաև, որ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են այդ մարդկանց բացատրել, թե իրականում ինչ իրավիճակ է, որպեսզի նրանք ոչ թե սկսեն կասկածել, որ հերթական անգամ որևէ պետական մարմին իրենց գլխի տակ փափուկ բարձ է դնում, այլ ընդամենը այն, որ քաղաքապետարանը չի կարող իրենց պարտքեր ունենալ:
«Նրանց աշխատավարձ պետք է տա պայմանագիր կնքած կազմակերպությունը, և մարդիկ, ճիշտ է, հիասթափված, բայց մեզ հասկացան»,-եզրափակեց վերջինս:
Հ.Գ. Ըստ պտտվող շշուկների՝ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին: Փաստորեն դուրս է գալիս, որ Ղուկասյանը ոչ միայն քաղաքապետարանի պարտքերն է «նվիրատվություն» արել իր հաջորդին, այլ նաև իր աշխատակիցների վճարումները չի կատարել՝ նրանց թողնելով քաղաքապետարանի հույսին: Իհարկե, Սամվել Բալասանյանն էլ այնքան միամիտ չէ, որ Ղուկասյանի պարտքերը վճարի: Արդյունքում խեղճ գյումրեցիները Նոր տարվա շեմին նորից մնացին դատարակ գրպաններով՝ իրենց երեխաների մեղքը թողնելով Ղուկասյանների վզին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը