«ՀԺ». ՀՀԿ-ն պատրաստվում է Հայաստանը դարձնել «Եվրասիական միության» անդամ
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ի թղթակիցը փորձել է ՀՀԿ-ից ձեռք բերել դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ ստորագրված արձանագրությունը, որին միացել էր նաև ՀՀԿ-ն: Այդ փաստաթուղթը, ինչպես տեղեկացրել է թերթը, կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար և, ըստ էության, առաջին քայլն է «Եվրասիական միության» ստեղծման և դրան Հայաստանի անդամակցության ճանապարհին: ՀՀԿ անդամ, Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասել է, որ չի կարող փաստաթուղթը տրամադրել և կարճ խոսակցությունից հետո անջատել է հեռախոսը: Իսկ մինչ այդ թերթի թղթակցի և Զաքարյանի միջև ծավալվել է հետևյալ հարցուպատասխանը:
- Պարոն Զաքարյան, կարո՞ղ եք մեզ տրամադրել այդ փաստաթուղթը:
- Ինչի՞ համար եք ուզում:
- Որ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, որովհետև, ինչպես հասկանում ենք, դա շատ կարևոր և լուրջ բան է:
- Իսկ ո՞վ է ձեզ ասում, որ շատ կարևոր և լուրջ բան է:
- Ուզում եք ասել՝ կարևոր, լուրջ բան չէ՞:
- Քանի որ հարցով հետաքրքրվում եք, ասեմ, այն, ինչ կարևոր է և լուրջ է, կոչվում է հուշագիր, որը դեռ չի ստորագրվել, որը ստորագրվելու է 2013-ի առաջին կեսին, և մենք կուսակցություններով միմյանց մեջ համաձայնեցրել ենք: Իսկ այն, ինչ ստորագրվել է, կոչվում է արձանագրություն, որը նշանակում է, որ այս, այս, այս կուսակցությունները հավաքվեցին, քննարկեցին եվրասիական ինտեգրման հետ կապված խնդիրները, վերջ: Եթե դուք դա համարում եք լուրջ... այսինքն, երբ ժողով եք անում, արձանագրում եք, չէ՞:
«Արտակ Զաքարյանը, ուշադրություն դարձրեք, որ կասկածի տակ չի դնում հուշագրի ստորագրումը, ավելին՝ փաստում է, որ դրա տեքստն արդեն համաձայնեցված է: Այսինքն, ՀՀԿ-ն պատրաստվում է Հայաստանը դարձնել «Եվրասիական միության» անդամ»,- հավելում է «ՀԺ»-ն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին