ԱՄՆ-ն ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ազգային կոալիցիայի՝ որպես սիրիական ժողովրդի լեգիտիմ ներկայացուցչի ճանաչման մասին: Համապատասխան հայտարարությունն ԱՄՆ-ի նախագահն արել է ABC News-ին տված հարցազրույցում: Օբաման կայացրած որոշումն անվանել է «մեծ քայլ» և ընդգծել, որ այս պահից ի վեր Վաշինգտոնը Սիրիայի ազգային կոալիցիան համարում է «սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ՝ ի տարբերություն Բաշար ալ Ասադի»: Միևնույն ժամանակ, նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն սատարում է Բաշար ալ Ասադի ոչ բոլոր հակառակորդներին, հիշեցնելով, որ ռեժիմի դեմ պայքար տանում են նաև ծայրահեղական տարրերը, որոնց հետ երկխոսության գնալ ԱՄՆ-ն մտադիր չէ:
Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ճանաչումը չի նշանակում վերջիններիս զինամթերքի ավտոմատ փոխանցում: Նրա խոսքերով՝ նման քայլերը հնարավոր են ապագայում, սակայն ԱՄՆ-ն նախևառաջ պետք է համոզվի, որ զենքի մատակարարումը կարող է օգնել իրավիճակի քաղաքական առաջխաղացմանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի միացյալ ազգային կոալիցիայի ստեղծման մասին համաձայնությունը ստորագրվել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 11-ին: Մինչև այժմ որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ըննդիմադիր կոալիցիան ճանաչել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Պարսից ծոցի երկրները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)