Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված բաց դաս
Հասարակություն
Պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակի աշխատակիցները դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված բաց դաս անցկացրեցին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիների համար:
Ի՞նչ գիտեն երեխաները իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, ո՞ր իրավունքներն են հաճախ խախտվում դպրոցում, ի՞նչ են անում երեխաները իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար, նման հարցերի մտագրոհով էլ սկսվեց հանդիպումը:
Բաց դասի ընթացքում անդրադարձ եղավ նաև բռնության թեմային: Տարածքային գրասենյակի իրավապաշտպանները երեխաներին ներկայացրեցին բռնության տեսակները, խոսեցին ընտանեկան բռնության մասին, հատկապես, երբ արդյունքում տուժում են երեխաները: Դպրոցականները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին նաև «Ընտանեկան բռնությունն ավանդույթ չէ»թեմայով բուկլետների նկատմամբ, որոնք վերջում բաժանվեցին երեխաներին:
Ուշագրավ էր նաև առաջարկությունների, հարցերի և ակնկալվող պատասխանների համար նախատեսված արկղիկը, որը դրված էր դասարանում: Այն հարցերն ու խնդիրները, որոնց մասին երեխաները դասի ընթացքում չէին ցանկանում բարձրաձայնել, գրում էին թղթի վրա և գցում արկղի մեջ: Հարցերին ու խնդիրներին հետագայում անդրադառնալու են գրասենյակի իրավապաշտպանները:
Դասի ավարտին դպրոցականները ցանկություն հայտնեցին հաջորդ հանդիպումն անցկացնել Պաշտպանի աշխատակազմի Վայոց Ձորի տարածքային գրասենյակում, ծանոթանալ Պաշտպանի գործունեությանը և իրենց մարզում՝ մարդու իրավունքների հիմնախնդիրներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը