Քլինթոնն ուշագնաց է եղել եւ ուղեղի ցնցում ստացել
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ուղեղի ցնցում է ստացել, երբ ջրազրկման հետեւանքով ուշագնաց է եղել եւ վայր ընկել: Այս մասին գրել է news.am–ը՝ հղում կատարելով Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչին:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլի Ռեյնսի խոսքով, Քլինթոնի մոտ ստամոքսային վարակ կար, որի հետեւանքով էլ տեղի է ունեցել ուշագնացությունը: Ներկայումս նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո եւ վերականգնում է ուժերը տանը: Ռեյնսը նշել է, որ Քլինթոնը հրաժարվել է պառկել հիվանդանոցում:
«Նա հաջորդ շաբաթ կշարունակի աշխատել տնից՝ անընդհատ շփման մեջ լինելով պետքարտուղարության եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Նա անհամբերությամբ է սպասում իր աշխատավայր վերադարձին, որը կլինի մոտ ժամանակներս»,-ասել է Ռեյնսը:
Քլինթոնը պետք է հաջորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ներկայացներ այս տարվա սեպտեմբերին Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված մահացու ելքով հարձակման գործով: Ներկայումս, Քլինթոնի առողջության հետ կապված, նրա ներկայությունը Կոմիտեում պարտադիր չէ:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում էր տեղի ունեցել, որի հետեւանքով 4 ամերիկացիներ էին զոհվել, այդ թվում դեսպան Քրիս Սթիվենսը: Այս միջադեպը կասկածի տակ էր դրել ամերիկացի պաշտոնյաների անվտանգությունն արտասահմանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)