Ձմեռ Պապիկը դեռ չի կատարել Արմինկայի անցած տարվա ամանորյա ցանկությունը
Հասարակություն
Փողոցներում արդեն նախատոնական տրամադրություն է: Եվ միայն փոքրիկների անմեղ սպասելիքների ու հավատի շնորհիվ է, որ բոլորս կամա թե ակամա ուզում ենք հավատալ հրաշքների գոյությանը: Lurer.com-ին հետաքրքրեց, թե Արմինկայի որդին՝ Ալեքսը, արդեն հասցրե՞լ է մայրիկին վարակել ամանորյա տրամադրությամբ, և ինչպե՞ս են նրանք նախապատրաստվել Ձմեռ պապիկի այցին.
-Արմինկա, այս տարի Ձեր որդին՝ Ալեքսը, ավելի գիտակից տարիքում է, հասցրել է արդեն նամակ գրել Ձմեռ պապիկին. ի՞նչ նվեր է ուզել:
-Այս տարի որդիս արդեն հասցրել է Ձմեռ պապիկին նամակ գրել և մոտոցիկլետ է խնդրել նրանից: Ու քանի որ դեռ 15 օր կա նրա գալուն, ես պարբերաբար Ալեքսին հարցում եմ՝ արդյոք չի՞ մտափոխվել նվերի հարցում, որպեսզի մտափոխվելու դեպքում հասցնենք փոխել նամակի բովանդակությունը, իսկ նա, չնայած փոքր տարիքին, (ի դեպ, փոքրիկ Ալեքսը միջամտելով՝ հիշեցրեց, որ ինքը 3 տարեկան է) նա բավականին հաստատակամ երեխա է:
-Իսկ Ձմեռ պապիկը պատրա՞ստ է երես տալ նրան և կատարել բոլո՞ր ցանկությունները:
-Քանի որ Ձմեռ պապիկը տարին մեկ անգամ է ցանկություններ կատարում, կատարում է միայն այն պայմանով, որ Ալեքսը պետք է շատ խելոք լինի, մամային և տատիկին լսի, չբարկացնի: Իսկ իրականում ոչ մի «ձմեռ պապիկ» չի կարող նրան երես տալ, քանի որ որդիս, թեև մեծանում է կանանց միջավայրում, մեծանում է որպես տղա, որպես պաշտպան: Եվ կատարվում են նրա միայն այն ցանկությունները, որոնք տեղին են:
Ճիշտ է, Ալեքսի համար անում ենք ամեն ինչ, ամեն բանով ապահովվում ենք, տալիս ենք անսահման սեր, սակայն երես չենք տալիս:
-Իսկ Ալեքսը պահպանո՞ւմ է պայմանավորվածության իր բաժինը:
-Եթե պահի տակ մոռանում է, ապա ես հիշեցնում եմ: Եվ «վատ» Ալեքսին, ինչպես սիրում է ասել տղաս, փոխարինում է «լավ» Ալեքսը:
-Համարվելով հայկական շոու բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկը՝ հետաքրքիր է, թե ինչով է առաջնորդվում Արմինկան տունը զարդարելիս:
-Ինչ վերաբերվում է այն բոլոր աքսեսուարներին, որոնցով զարդարում ենք բնակարանը, մենք նախապատվությունը տալիս ենք Սուրբ Ծնունդը, Նոր տարին խորհրդանշող դասական՝ կարմիր և կանաչ գույներին:
Իսկ տոնածառի խաղալիքներն ամեն տարի կամ ամբողջովին փոփոխվում են, կամ ավելանում են շատ նոր խաղալիքներ, որոնք ես և քույրս տարվա ընթացքում բերում ենք արտերկրից:
Ու վերջին տարիներին էլ, երբ Ալեքսն արդեն կա, ավելի տղայական թեմաներով խաղալիքներ ենք փորձում ընտրել:
-Իսկ Ձեր մանկությունից Ամանորի հետ կապված որևէ իր պահպանվե՞լ է:
-Մեր մանկության տարիներից պահպանվել են խաղալիքներ, որոնք մայրս մոտավորապես 30 տարի առաջ բերել էր Մոսկվայից, և եղևնին զարդարելիս աշխատում ենք դրանք ևս օգտագործել, քանի որ հիշեցնում են մեր մանկությունը:
-Վերհիշելով այդ տարիները, ո՞րն է եղել Ձեր ամենասպասված նվերը Ձմեռ պապիկից:
-Պիտի խոստովանեմ, որ իմ մեջ միշտ եղել է այն համոզմունքը, որ կամ մայրս և հայրս են Ձմեռ պապիկը, կամ որևէ կապ ունեն Ձմեռ պապիկի հետ և նվերները բացելիս ամեն անգամ համոզվում էի դրանում. ոչ մի Ձմեռ Պապիկ ի զորու չէր բերելու այն նվերը, որը ես էի ուզում՝ իմ նախընտրած գույներով ու որակով: Դրա համար հիմա փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի որդիս հավատա, որ հենց Ձմեռ պապիկն է կարդում նամակները և բերում նվերներ:
-Իսկ Ամանորին կա՞ որևէ ավանդույթ, որը բնորոշ է միայն Ձեր ընտանիքին:
-Ավելի քան 10 տարի է, ինչ մեր ընտանիքում ձևավորվել է հետաքրքիր ավանդույթ. դեկտեմբերի 30-ի երեկոյան մենք պարտադիր ընտանիքով համտեսում ենք մայրիկիս պատրաստած մածնապուրը՝ իշլի քյուֆթաներով:
Ճիշտ է, վերջին 3-4 տարիներին փոքր-ինչ խախտվել է այդ ավանդույթը, քանի որ արտերկրում ենք անցկացնում Նոր տարին: Այդուհանդերձ դեկտեմբերի 31-ին անպայման ընտանիքի անդամներով միասին ենք դիմավորում Նոր տարին, որից հետո արդեն ով ինչպես ուզում է՝ անցկացնում է տոնը:
-Արմինկա, հիշում եմ, որ անցյալ տարի Ձմեռ Պապիկից ընդարձակ բնակարան էիք ուզել, արդյո՞ք կատարեց Ձեր ցանկությունը և այս տարի ինչ եք ուզելու նրանից:
-Անցյալ տարի էլ էի՞ բնակարան ուզել (զարմանքով հարցրեց Արմինկան): Վա՜յ, ինչ վատնա Ձմեռ պապիկը, ես այս տարի էլ եմ նույն բանը ուզել, ես մոռացել էի իմ անցալ տարվա ցանկությունը:
Արդեն մեկ տարի է, ինչ նրանից ընդարձակ բնակարան եմ ուզել, մնում է հուսալ, որ այս տարի կկատարի ցանկությունս, քանի որ այս տարի էլ էի պատրաստվում բնակարան խնդրել (ծիծաղելով խոստովանեց երգչուհին):
Ռուբինա Հակոբյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը