Ահազանգել եմ, որպեսզի խուլիգանին սանձեն․ հյուրանոցի սեփականատերը՝ Թուրքիայի քաղաքացու պահվածքի մասին
Հրապարակումներ
«Լոնդոն» հյուրանոցի սեփականատեր Գևորգ Բարսեղյանը գրում է․ «Ընկերներս հերթով գրում ու հարցեր են տալիս այս միջադեպի մասին։
Այո, դեպքը տեղի է ունեցել մեզ պատկանող հյուրանոցում, ահազանգ տվողը ես եմ եղել։
Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել Լոնդոն հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել են ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում։
Ինձ համար արժանապատվության հարց է, երբ հատկապես Թուրքիայի քաղաքացին վիրավորում է իմ թիմակցին։ Ամեն ինչ ճիշտ եմ արել, արդյունքներից բավարարված եմ»։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյում և անհարգալից պահվածք է դրսևորում հյուրերի և աշխատակիցների նկատմամբ:
