Մուրսիի նշանակած գլխավոր դատախազը հրաժարական է տվել
Աշխարհ
Նոյեմբերի վերջին Եգիպտոսի գլխավոր դատախազի պաշտոնին նշանակված Թալգատ Իբրահիմը հրաժարական է տվել. հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով իրավաբանական շրջանակներում իր աղբյուրներին: Հրաժարականի մասին որոշումը, ինչպես հայտնել են գործակալության զրուցակիցները, Իբրահիմը կայացրել էր դատավորների կողմից ճնշման ներքո, որոնք պահանջում էին վերջինիս լքել պաշտոնը: Իբրահիմի ներկայացրած հրաժարականի մասին հայցը Եգիպտոսի բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի կիրակի օրը՝ դեկտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին անվավեր էր ճանաչել իր լիազորություններն ընդլայնող հռչակագիրը. այս մասին ևս հայտնում է Agence France-Presse-ը: Ինչպես նշվում է, նման որոշման մասին հայտարարվել է Մուրսիի՝ երկրի քաղաքական շարժումների առաջնորդների հետ հանդիպումից հետո:
Նախագահ Մուհամմեդ Մուրսիի լիազորությունները զգալի կերպ ընդլայնող հռչակագիրը վերջինս ստորագրել էր նոյեմբերի 22-ին: Հռչակագրի համաձայն՝ երկրի ղեկավարին ընձեռվում էին բացառիկ լիազորություններ «հեղափոխության պաշտպանության համար», և նախագահի բոլոր հրամանները հայտարարվում էին անհասանելի դատարանում բողոքարկելու համար: Դրան զուգահեռ՝ դատական օրգանները զրկվում էին խորհրդարանի վերին պալատը և սահմանադրական հանձնաժողովը լուծարելու իրավունքից, որը զբաղվում էր երկրի նոր հիմնական օրենքի ստեղծմամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)