Գորիսում շահագործման հանձնվեց սոցիալական տունը
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գորիսում ներկա գտնվեց «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակում կառուցված սոցիալական տան շահագործման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Փոխվարչապետը շահառու ընտանիքներին հանձնեց բնակարանների բանալիները:
«Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագիրն իրականացվում է Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այսօր շահագործված եռահարկ շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2011թ. գարնանը, Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությունն այդ նպատակով հատկացրել է 195 մլն դրամ, իսկ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 մլն դրամ: Շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքներ են իրականացվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ 15 մլն դրամի չափով: Շենքն առաջին հարկում ունի ժամանցի ընդհանուր սենյակ, տարածքը բարեկարգված է եւ կանաչապատված:
Սոցիալական տան շահառու 20 ընտանիքներն ընտրվել են հատուկ հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված են եղել Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության, համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի եւ Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանձնաժողովն ընտրել է ամենակարիքավոր եւ ամենախոցելի՝ սոցիալապես անապահով, վագոն տնակներում բնակվող, այդ թվում նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին:
Փոխվարչապետը շնորհավորելով շահառու ընտանիքներին բնակարանամուտի կապակցությամբ՝ գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքներից: Նա բարձր գնահատեց ծրագրի նշանակությունը՝ նկատելով, որ այն թույլ է տալիս համատեղ ուժերով ինչ-որ մասով լուծել սոցիալապես անապահով եւ փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը: Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությանը' արդյունավետ ծրագրի իրականացման համար:
Փոխվարչապետը ծանոթացավ նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով Գորիս քաղաքում փողոցների բարեկարգման եւ նորոգման աշխատանքներին: Մասնավորապես, Ա. Սաթյան փողոցի վերանորոգման համար երրորդ եւ չորրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ 140 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետին զեկուցվեց, որ երրորդ ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, չորրորդ ծրագրով աշխատանքները մեկնարկել են, որոնք կշարունակվեն նաեւ գարնանը: Իսկ քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բարեկարգումը, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր 13 մլն դրամ, արդեն ավարտվել է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը