«Քաղաքապետը տնօրենի շեֆն է, բայց ոչ իմ». Անահիտ Բախշյան
Հասարակություն
Օրերս Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 27 դպրոցի ուսուցիչների համակազմը բաց նամակ էր հղել քաղաքապետին, որտեղ մասնավորապես ասվում էր, որ մանկավարժական համակազմի համբերության բաժակը լցվել է, և այլևս անհնար են համարում դիմանալ և հանդուրժել թե՛ համացանցը, թե՛ հեռուստատեսությունը հեղեղած՝ Բախշյանի այն անհիմն անվանարկումներին, որոնք, տարբեր առիթներ որոնելով, թիրախ ու նշանակետ դարձնելով՝ վերջինս ուղղում է թիվ 27 դպրոցին, ուսուցիչներին և տնօրենին: Թիվ 27 դպրոցի մանկավարժների այդ խումբը հայցում էր քաղաքապետի օգնությունը՝ վերջապես լռեցնելու ատելության ու նախանձի, չարամտության ու չարակամության ձայնը:
Այս առթիվ Lurer.com-ը զրուցեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու, թե ի վերջո ինչն է վրդովեցրել ուսուցչական կազմին:
«Ես իմ շատ լուրջ ասելիքը հրապարակավ ասել եմ հենց ձեր կայքի միջոցով՝ տալով հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերվում էր հենց այդ դպրոցի տնօրենին: Հաղորդումից հետո Շենգավիթի ոստիկանությունում սկսվել է հետաքննություն, իսկ այս պահին համապատասխան նյութերն արդեն քննչականում են, այնպես որ քաղաքապետին ուղղված բաց նամակի առթիվ մեկնաբանություններ կանեմ, բայց ոչ այս պահին: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ քննությունը կավարտվի: Հենց քննության արդյունքները պարզ կլինեն, այն ժամանակ կխոսեմ այն մասին, թե ով էր օրինական, ով՝ անօրինական,-ասաց Անահիտ Բախշյանը և հավելեց,- բայց նույն կոլեկտիվի բաց նամակը ստորագրած իմ գործընկերներին հարցնում եմ, թե ինչու այդ օրինապաշտ կոլեկտիվը, որտեղ ես էլ եմ աշխատել, ձայն չհանեց, երբ տնօրենը երկու հրաշալի ուսուցիչների կրճատեց, ովքեր սիրված էին ու շատ պիտանի՝ աշակերտների համար: Այս մասին այդ կոլեկտիվում բոլորը գիտեն: Այսօր, երբ գործը հետաքննության փուլում է, նրանք բաց նամակով բողոքում են ինձանից քաղաքապետին, ով տնօրենի շեֆն է, բայց ոչ իմ և նույնպես պատասխանատու է այնտեղ կատարվող ամեն ինչի համար, և թող ինքը պատասխանի»:
Ըստ Անահիտ Բախշյանի՝ Հանրապետական կուսակցությունը, հովանավորելով նման տնօրեններին, ովքեր մի կողմից դպրոցի զարգացման իրենց պլանի առաջին էջին Նժդեհ են մեջբերում, մյուս կողմից պետական միջոցներն են վատնում, հեղինակազրկում է կուսակցության խոսքն էլ, կրթությունն էլ: «Մի խոսքով՝ այդ տնօրենի գործունեության օրինականությունը ցույց կտա հետաքննությունը, որն այսօր ընթանում է Շենգավիթի ոստիկանության քննչական բաժանմունքում»,-հավելեց վերջինս:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը