Արսեն Գրիգորյանի տան տոնածառը հեծանիվ է
Հասարակություն
Երեկ վառվել են ինչպես հանրապետության գլխավոր տոնածառի, այնպես էլ Արսեն Գրիգորյանի ոչ ստանդարտ տոնածառի լույսերը: Այս առիթով դերասան, հաղորդավար, երգիչը BRAVO.am-ին հյուրընկալել է իր բնակարանում, ցուցադրել հեծանիվ-տոնածառն ու պատմել դրա հետաքրքիր պատմությունը:
««Տոնածառս» գտել եմ անցյալ տարի փողոցում. երբ տեսա, հասկացա, որ իմն է: Նախորդ տարի որպես տոնածառ նույնպես այս հեծանիվն էի զարդարել, ինչից հետո մի տարվա ընթացքում այն եղել է մի շարք տեղերում եւ այսօր վերջապես վերադարձել ինձ մոտ ու կրկին «մտել իր դերի մեջ»»,-մեզ հետ զրույցում պատմել է Արսենը:
«Տոնածառը» դերասանի աչքին հաճելի լինելուց բացի, նաեւ իր առաջին հեծանվի հետ կապված հիշողություններ է արթնացնում. «Ճիշտ է՝ ավելի շատ սիրել եմ իմ առաջին երկակնանի հեծանիվը, սակայն երեքակնանի էլ եմ ունեցել, որը շատ նման էր այս մեկին»:
Արսեն Գրիգորյանը նշել է, որ արդեն վաղուց հատուկ ոչ մի պատրաստություն չի տեսնում Ամանորի համար, քանի որ մենակ է ապրում: Նա դեռ նույնիսկ չգիտի, թե ինչպես է դիմավորելու գալիք տարին. միայն գիտի, որ ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում, իսկ թե հետո ինչ է լինելու, դեռ պարզ չէ. «Միշտ իմպրովիզ է լինում, միշտ տարբեր, բայց ուրախ ու հետաքրքիր: Զգում եմ, որ այս անգամ էլ է ուրախ անցնելու»:
Դերասանը վստահ է՝ երբ ամուսնանա ու երեխաներ ունենա, կփոխվի իր՝ Նոր տարին անցկացնելու ձեւը. «Երեխաների համար պետք է «խաղալ», որպեսզի ձմեռային տոները հնարավորինս ուրախ ու հետաքրքիր անցնեն, որպեսզի հավատան ամանորյա հեքիաթին»:
Արսենը գիտի, երբ փոքր է եղել, ծնողներն իր համար նույնպես «խաղացել» են, ինչի մասին հաճախ տեղյակ է եղել ու կարողացել է հնարավորինս աջակցել նրանց. «Մի անգամ զգացի, թե ինչպես է տատիկս բարձիս տակ նվեր դնում, սակայն ձեւացրի, թե քնած եմ, իբրեւ հավատում եմ, որ Ձմեռ պապիկն է. ընդունում էի նրանց խաղի կանոններն ու ես էլ էի մտնում խաղի մեջ»:
Նա խոստովանել է նաեւ, որ չնայած չի հավատացել Ձմեռ պապիկի գոյությանը, միշտ ցանկություն է ունեցել տեսնել, թե ինչպես է վերջինս իր սահնակով ու եղնիկներով ճախրում երկնքում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը