Աննա Դովլաթյան. «Ունեցել եմ ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական ձեռքբերումներ»
Հասարակություն
Երգչուհի Աննա Դովլաթյանը, որը Երեւանում բնակվում է իր բարեկամների հետ, ամռանը եւ ձմռանը մեկնում է Մոսկվա՝ ընտանիքի հետ անցկացնելու արձակուրդները: Ամանորն ու Սուրբ ծնունդն այս տարի եւս Աննան կդիմավորի Ռուսաստանի մայրաքաղաքում. «Նոր տարին այն բարի տոնն է, որը միշտ պետք է ընտանիքիդ հետ նշես: Մոտ մեկ ամիս ծնողներիս հետ կմնամ ու կվերադառնամ՝ շարունակելու ուսումս եւ կիսատ թողած երգերիս աշխատանքները, որոնք կներկայացնեմ հաջորդ տարվա ընթացքում»:
2012 թվականին Աննան ունեցել է ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական ձեռքբերումներ. երգչուհու սիրելին մոդել, սերիալային դերասան Դավիթ Աղաջանյանն է. «Չենք թաքցնում, որ ընկերություն ենք անում, ուղղակի անձնական կյանքի մասին նախընտրում եմ լռել, բայց դա կյանքիս ձեռքբերումներից մեկն է: Ես երկընտրանքի մեջ էի՝ ում հետ անցկացնել Նոր տարին, հուսամ՝ հաջորդ տարի բոլոր սիրելի մարդկանց հետ կլինեմ: Դեռ շատ շուտ է խոսել ամուսնության մասին, երկուսս էլ շատ երիտասարդ ենք, աշխատանքում առաջ գնալու ցանկություններ ունենք»:
22-ամյա երգչուհին ուզում է հավատալ, որ Ձմեռ պապն իր բոլոր ցանկությունները կկատարի. «Ձմեռ պապիկի հեքիաթը տոնն ավելի լիարժեք է դարձնում, 6 տարեկան եղբորս փորձում եմ համոզել, որ նա գոյություն ունի: Ինքս ճշմարտությունը բացահայտելուց հետո հիասթափվել էի»:
Աննա Դովլաթյանը սիրում է Ամանորը նշելու հայկական տարբերակը եւ ավելացնում, որ իրեն հաճելի է գնալ բարեկամներին հյուր, ինչը ռուսների շրջանում ընդունված չէ. «Ռուսաստանում կարոտ ես մնում այդ ջերմությանը, այնտեղ իրար հաճախ հյուր չեն գնում: Ուրախ եմ, որ հայերը պահպանում են այդ ավանդույթը»:
«Tell Me» եւ «If I Ever Lose You» երգերի տեսահոլովակներով հայտնի դարձած աղջիկն 2013-ին պատրաստվում է ներկայանալ հայալեզու երգերով, նշում է՝ շատ երեւալու եւ մարդկանց հոգնեցնելու նպատակ չունի. «Իհարկե, անունդ պահելը դժվար գործ է, բայց ավելի լավ է ուշ-ուշ ներկայանամ ու ասելիք ունենամ: Միգուցե մրցույթների մասնակցեմ, բայց պետք է 150 տոկոսով պատրաստ ու վստահ լինեմ: Բացի այդ հաջորդ տարի անակնկալ զուգերգ կունենամ»:
Նյութը՝ bravo.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը