Հանրային լսումներ Առողջապահության ազգային ինստիտուտում
Հասարակություն
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2013 թվականին, ի թիվս այլ ծրագրերի, Վանաձորում կկառուցվի բժշկական նոր կենտրոն, կվերանորոգվի ու կարդիականացվի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, կիրականացվի «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագիրը։ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցած հանրային լսումների ընթացքում քննարկվեցին այդ ծրագրերի բնապահպանական կառավարման կառուցվածքին վերաբերող հարցեր:
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանը ներկայացրեց «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի հիմնական բաղադրիչները և նպատակները: Նշեց, որ ծրագրի շրջանակներում սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն զանգվածային սկրինինգներ, Վանաձորի բժշկական կենտրոնի համար կկառուցվի նոր շենք, իսկ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կարդիականացվի' բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի հիմնադրմամբ:
Այնուհետև շրջակա միջավայրի մասնագետ Վռամ Թևոսյանը ներկայացրեց նշված աշխատանքների Բնապահպանական կառավարման ծրագրի հիմնական դրույթները, որոնք ձևավորվել են շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության և ռիսկի գործոնների ուսումնասիրման և գնահատման արդյունքում:
Ի պատասխան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի մտահոգության, թե Ոռուցքաբանության նոր կենտրոնի կառուցման ընթացքում արդյո՞ք ապահովվում է ընդերքային ջրերի աղտոտման կանխումը, պարզաբանվեց, որ հեղուկ թափոններով ընդերքային ջրերի աղտոտումը կկանխվի ջրահեռացման փակ համակարգի ստեղծման ճանապարհով: Իսկ Վանաձորի համայնքի ներկայացուցչին անհանգստացնում էր դիարանի տեղակայման հարցը։ Այս առթիվ նշվեց, որ դիարանը չի տեղակայվելու նորակառույց համալիրի տարածքում, ուստի չի երևալու պալատներից:
Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ բարձրաձայնվեցին մի շարք այլ հարցեր, որոնց ոլորտի պատասխանատուների կողմից տրվեցին պարզաբանումներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը