Մանկապարտեզների 6 տնօրեն ազատվել է աշխատանքից
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով: Քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41-ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ: Նման ծրագիր է իրականացվում նաև թվով 6 մանկապարտեզներում, որոնցում ներկառուցվել են թեքահարթակներ ինչպես մուտքերում, այնպես էլ շենքերի ներսում: Երևանի քաղաքապետարանի և «Յու Քոմ» ընկերության համագործակցության արդյունքում 15 դպրոցներ կկարողանան հեռուստակամուրջներ կազմակերպել արտերկրի տարբեր կրթօջախների հետ:
Քաղաքապետարանի աջակցությամբ դպրոցները համալրվել են շախմատի կաբինետներով ու անհրաժեշտ գույքով: ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մինչ օրս ատեստավորվել է շուրջ 10100 ուսուցիչ: Երկու գերատեսչությունների համագործակցության արդյունքում կազմակերպվել են նաև առարկայական օլիմպիադաներ, որոնց հաղթողներին պարգևատրել է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Յունեսկոյի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով դպրոցներում ուսումնամեթոդական բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել: Կրթության ոլորտում Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հետ համագործակցության շրջանակներում այդ քաղաքներից եկած պատվիրակությունները երևանյան դպրոցներում իրականացրել են մի շարք սեմինարներ և դասընթացներ: Իսկ ֆրանկոֆոն երկրների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի կողմից Երևանի 3 դպրոցներում բացվել են լինգոֆոնային կաբինետներ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ 270 երեխա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, որտեղ քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ բացվել է նաև Կիլիկյան վարժարանը, իսկ աշակերտները մասնակից են դարձել բազմաթիվ մշակութային միջոցառումների: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հսկողությամբ քաղաքապետարանի ենթակայության դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցներն ապահովվել են ջեռուցմամբ: Վերացվել են նաև նախկինում ոչ լիարժեք ջեռուցվող դպրոցների թերությունները: Քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 24000-ից հասել է 31500-ի:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության և վերահսկողության վարչությունները երեխաներին մատուցվող սննդի որակի և այլ բաղադրիչների վերահսկման նպատակով պարբերաբար հսկողություն են իրականացրել մանկապարտեզներում: Հայտնաբերված թերությունների հետևանքով 6 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 8-ը ստացել են նկատողություններ: Մանկապարտեզների գույքի թարմացման և վերանորոգման մասով անցկացվել է նաև մոնիտորինգ, որի արդյունքում տասնյակ մանկապարտեզներ նորոգվել են, համալրվել նոր գույքով, ինչի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն 2013 թվականին: Այս տարի հիմնանորոգման ենթարկվեց Նուբարաշեն վարչական շրջանում գործող միակ մանկապարտեզը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը