2013. նորածիններ՝ Իրինա Թովմասյանի, Ալլա Լևոնյանի և Գոհար Հարությունյանի ընտանիքներում
Հասարակություն
2013 թվականին Իրինա Թովմասյանի, Ալլա Լևոնյանի և Գոհար Հարությունյանի ընտանիքներում համալրում է սպավում: ArmStar.am-ը պարզել է, թե ինչպես են իրենց ընտանիքի նոր անդամի ծնունդին սպասում՝ արդեն բավականին փորձ ունեցող մայրիկները:
Գեղեցկուհի Գոհար Հարությունյանը սպասում է իր երրորդ զավակի լույս աշխարհ գալուն.
Գոհար, երկու աղջիկ ունեք, հունվարին կծնվի նաև ձեր որդին, որքանով էր Ձեր և Ձեր ամուսնու համար կարևոր երրորդ երեխայի սեռը.
- Ես և իմ ամուսինը բնականաբար այս անգամ տղա ունենալու մեծ ցանկություն ունեինք, որպեսզի պահպանենք սեռերի հավասարությունը: Ուրիշ նպատակ և խտրականություն չի եղել:
-Ձեր աղջիկներին անվանել եք Մելինե և Բիայնա, որոշե՞լ եք, թե որդուն ինչպես եք անվանելու և ինչո՞ւ եք ընտրել հենց այդ անունները.
-Մեր երեխաների անունները բացառապես պետք է լինեն հայկական: Տղայիս անունը վերջնականապես դեռ չենք որոշել, բայց հակված ենք Մենուա անվանը:
-Քանի՞ անդամով եք ուզում, որ համալրվի ձեր ընտանիքը.
-Ես բոլորին քարոզում եմ, որ մեր հայ ընտանիքներում պետք է ՛շատ երեխաներ ծնվեն՝ մեր բնակչության թվաքանակը և որակը ապահովելու համար: Բացի այդ, հայերը շատ երեխայասեր ազգ են:
Ինչ վերաբերվում է մեզ, ապա ամենաքիչը հինգ երեխա պետք է ունենանք, եթե, իհարկե, խնդիրներ չլինեն: Եթե ուշ ամուսնացած չլինեի (Գոհարն ամուսնացել է 27 տարեկանում), ապա ավելի համաձակ թիվ կասեի:
Ավելացնեմ, որ յուրաքանչյուր երեխա ընդունակ է իր կյանքի ուղղին ինքնուրույն հարթելու, պարտադիր չէ շատ մտածել և վախենալ պատասխանատվությունից: Կարևորը ՝ տալ կյանք, խնամք և տարրական դաստիարակություն:
- Առհասարակ հայ տղամարդիկ խտրականություն են դնում երեխայի սեռերի միջև, արդյոք նկատում եք հասարակության մեջ նման մտածելակերպի փոփոխություն:
-Հայ տղամարդիկ խտրականություն են դնում սեռերի միջև, քանի որ մեր երկրում հավասարություն չկա: Կինը շատ հաճախ ենթարկվում է բռնության: Չի հարգվում նրա արած գործը և նվիրումն ընտանիքին:
Եվ հենց այդ տղամարդիկ, ովքեր վատ են վերաբերվում կանանց, սարսափում են աղջիկ երեխա ունենալուց՝ մտածելով, որ հետագայում երեխան իրենց նմանի ձեռքը կարող է ընկնել:
-Որպես օրինակելի հայ կին և մայր, Ձեր մաղթանքը հայ մայրերին.
-Հայ մայրերին ցանկանում եմ ընտանիքի նվիրման մեջ իրենց չմոռանան: Լինեն մի փոքր ինքնասեր, կարողանան փոխել հայ տղամարդու վերաբերմունքը կին արմատի նկատմամբ: Իսկ երեխաներին, որքան էլ սիրեն, նրանց ստրուկը չդառնան, միևնույնն է, երեխաները մեր սեփականությունը չեն. նրանք պետք է մեծանան և ձուլվեն հասարակությանը՝ կազմելով իրենց ընտանիքը:
Ալլա Լևոնյան
Երգչուհի Ալլա Լևոնյանը դեռ չգիտի իր երրորդ երեխայի սեռը, սակայն նրա համար ոչ մի նշանակություն չունի աղջիկ կծնվի թե տղա.
- Աստված ինչ տա, ամեն սեռի երեխա էլ կունենամ: Մենակ թե բալիկ լինի… և առողջ:
-Իսկ ինչ անուններ եք առանձնացրել, որ տաք փոքրիկին, և առհասարակ, ինչպես եք կատարում երեխաների անունների ընտրությունը.
-Քանի որ դեռ հայտնի չէ թե ինչ բալիկ ենք ունենալու, անունը կորոշենք փոքրիկի սեռը իմանալուց հետո:
Օրինակ՝ աղջիկս կրում է իր տատիկի անունը՝ Ժաննա: Ամուսինս ցանկություն հայտնեց, որ իր մայրիկի անունը դնենք, ես էլ դեմ չեղա: Իսկ որդուս անունը ես եմ դրել՝ Հայկ: Ընտրությունս ոչ մի բանով պայմանավորված չէր, պարզապես այդ անունը շատ էի սիրում:
Ամեն դեպքում երրորդ փոքրիկիս անունը օրինակ Առնոլդ կամ Ռայմոնդ չի լինելու, դրանք մի փոքր օտար են ինձ համար: Սակայն դա չի նշանակում, որ շատ պահպանողական եմ, ուղղակի կողմնակից եմ բարեհունչ, հաճելի անունների:
-Ինչպե՞ս են այդ լուրին վերաբերվել Ձեր երեխաները.
Երեխաներս շատ ուրախ են, որ ապերիկ կամ քույրիկ ենք «գնելու», տղաս նույնիսկ երկուսից էլ ուզում է:
-Իսկ, առհասարակ, քանի՞ անդամով կցանկանայիք համալրել Ձեր ընտանիքը.
-Միշտ ուզել եմ երեք երեխա ունենալ, սակայն երբ երկուսը ունեցա, արդեն երրորդի մասին չէի մտածում: Բայց, քանի որ Աստված մեզ շնորհել է նաև երրորդը ունենալու երջանկությունը, ապա ես միայն ուրախ եմ:
Իսկ ահա ամուսինս հինգ երեխա է ուզում, ու մոռանում է, որ ես նաև երգչուհի եմ, երրորդ բալիկն ունենալն արդեն իսկ բավարար է: Թեև ոչինչ չեմ կարող միանշանակ ասել, ամեն ինչ հնարավոր է, օրինակ չգիտեի, որ երրորդն էլ կունենամ:
Իրինա Թովմասյան
Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը ևս պատրաստվում է մայրանալ 2013 թվականին: Նա ունենալու է իր երկրորդ դստերը՝ Ալվինային:
-Որոշել ենք երեխային Ալվինա անվանակոչել՝ տատիկի՝ ամուսնուս մայրիկի անունով: Գեղեցիկ անուն է, մենք էլ որոշեցինք ուրախացնել տատիկին: Ուզում էինք գաղտի պահել նրանից, որպեսզի անակնկալ մատուցեինք, բայց չստացվեց:
-Իրինա, քանի որ արդեն մեկ աղջիկ ունեք, որքա՞ն կարևոր էր Ձեզ համար երկրորդ երեխայի սեռը:
- Շատ կարևոր էր. քանի որ ես ունեմ քույրիկ, շատ էի ուզում, որ Մեգին էլ քույրիկ ունենար և բացի այդ աղջիկ երեխա շատ-շատ եմ սիրում: Այս դեպքում իմ և ամուսնուս ցանկությունները համընկնում էին: Այ մյուսը հանգիստ կարող է տղա լինել: (ծիծաղում է )
-Իսկ , առհասարակ, քանի՞ երեխա կցանկանաք ունենալ:
-Ես շատ կուզեմ երեք կամ չորս երեխա ունենալ: Եթե երեքը լինեն, հնարավոր է չորրորդին էլ որդեգրեմ: Թեև ամուսինս դեմ է, քանի որ մտածում է'մենք կարող ենք մեր երեխաներն ունենալ:
-Հայ ընտանիքներում միշտ կարևորվել է տղա երեխայի ծնունդը, ըստ Ձեզ, այդ մտածելակերպը գոնե փոքր ինչ փոփոխվե՞լ է:
-Այո, հիմա շատ է փոխվել: Սակայն պետք է ասեմ, որ հենց այդ խտրականություն դնելու պատճառով, ըստ վիճակագրության, 20 տարի հետո, տղաները 7 անգամ շատ են լինելու աղջիկներից: Իսկ դա լուրջ խնդիր է:
-Իսկ ինչպե՞ս է Ձեր ավագ դուստրը պատրաստվում փոքրիկ քույրիկի ծննդյանը:
-Չեք պատկերացնում, թե ինչպես է նա պատրաստվում իր քույրիկի ծնվելուն: Դա աննկարագրելի է, թե ինչպես ենք մենք գնում խանութներ, շորիկներ գնում: Մեգին հաշվի չառնելով, որ փոքրիկ քույրիկը դեռ մազեր չի ունենալու, համացանցի միջոցով նոր սանրվածքներ է ուսումնասիրում նրա համար: Մեգին 10 տարեկան է, ու նրա համար երազանք էր քույր ունենալը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը