Անդրե. «Ես էգոիստ եմ»
Հասարակություն
2012-ն Անդրեն նոր տեսահոլովակի պրեմիերայով սկսեց: Հունվարի 1-ին նա իր երկրպագուներին ներկայացրեց «Ուզում եմ սիրել» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, իսկ մարտին ներկայացրեց Սերինե Պողոսյանի հետ զուգերգը, որը կոչվում էր «Սառը քամի»: Տարվա երկրորդ կեսին Անդրեից երգերի և տեսահոլովակների տեսքով նորություններ չեղան, սակայն երգիչն այս շրջանը լռություն չի համարում: «Քանի որ ես հիմա նաև պրոդյուսեր եմ «X factor»-ում, չի կարելի ասել, թե լռում եմ: 2008-ից երկրպագուներս արդեն սովոր են, որ ամեն ինչ ավելի հանդարտ է առաջ ընթանում: Ես մաթեմատիկ չեմ, որևէ բան ստիպված չեմ անում: Պետք է հոգուցս բխի»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Անդրեն:
Երգիչը պատմեց, որ շուտով կներկայացնի իր նոր ձայնասկավառակը, որը կոչվում է «Իմ հոգին»: Անդրեի փոխանցմամբ՝ արդեն 1 տարի է, ինչ ալբոմը պատրաստ է, սակայն ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվում էր այն ներկայացնելը. «Անցած տարի ասացի փետրվարի 14-ին կլինի, չեղավ, հետո ասացի՝ մարտի 8-ին, հետո՝ ապրիլի 7-ին, ամռանը, աշնանը, բայց այսօր էլ դեռ լույս չի տեսել ու հիմա չեմ ուզում ասել, թե երբ կլինի:) Ես եմ մեղավոր, բայց ոչ այն պատճառով, որ ծույլ եմ: Ուղղակի հյուրախաղերը շատ էին, քանի որ դա ևս աշխատանք է, չկարողացա համատեղել»:
Երգիչը նշեց, որ լսել, սովորել ու նույնիսկ հասցրել է հոգնել այս երգերից. «Արդեն անհետաքրքիր է ունենալ այդքան երգեր և չներկայացնել լսարանին,- ասաց Անդրեն և խոստովանեց, որ, այնուամենայնիվ, ինքը կարողանում է դիմանալ և այս ընթացքում ալբոմի երգերը, բացառությամբ մեկի, որևէ տեղ չի ներկայացրել: -Ես այդ առումով էգոիստ եմ :) Չեմ տարածում երգերս ինտերնետային կայքերում, եթե, իհարկե, դրանք ինչ-ինչ ճանապարհներով չեն հայտնվում համացանցում: Բարեբախտաբար, այս անգամ չհայտնվեցին»:
Երգչի նոր ձայնասկավառակում ընդգրկված է տասը երգ: Անդրեի բնորոշմամբ այն արտացոլում է իր հոգին. «Ես սիրում եմ տարբեր ոճեր: Ձայնասկավառակում տասը երգ կա, տասն էլ տարբեր ոճերում են: Շատ գեղեցիկ սիրային բալլադներ կան, ինչպես նաև՝ ռիթմիկ երգեր»:
Երգիչը ձայնասկավառակի երգերից մի քանիսի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ցանկություն ունի: Առաջիկայում նա իր երկրպագուներին նաև նոր երգ խոստացավ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը