Ի՞նչ են խնդրում Ձմեռ պապից Դալիթան ու Լիդուշիկը
Հասարակություն
Ամանոր, Ձմեռ պապ, ամանորյա հրաշքներ… Այս ամենն անգույն ու անհետաքրքիր կլիներ, եթե չլինեին ամանորյա հեքիաթին հավատացող երեխաներն ու նրանց ժպիտները: Մեր այսօրվա նյութի փոքրիկ աստղերն իրենց երազանքները կապում են Ամանորի ու Ձմեռ պապի հետ: Ճիշտ է, ես Ձմեռ պապին վաղուց նամակ չեմ գրում, բայց այս տարի կխնդրեմ, որ կատարի բոլոր երեխաների երազանքներն ու թող մշտաժպիտ լինեն: Իսկ մինչ Ամանորի կախարդական գիշերը կմոտենա, Ձմեռ պապին esyes.am-ի միջոցով իրենց նամակները փոխանցեցին մեր հայտնի փոքրերը:
Երգչուհի Դալիթան վստահում է Ձմեռ պապին և նվերի ընտրությունը թողել է նրան:
«Բարև, սիրելի Ձմեռ պապիկ: Ես Դալիթան եմ: Ամեն տարվա պես այս տարի էլ սպասում եմ քո գալուն, որ գաս ու տեսնես իմ զարդարած տոնածառը և ինձ բերես իմ սիրած նվերները: Գալդ բարի, իմ սիրելի Ձմեռ պապի ջան: Խնդրում եմ, որ իմ և բոլոր երեխաների երազանքը կատարես, չմոռանաս նաև մեծերին: Իմ նվերների ընտրությունը կթողնեմ քո ճաշակին, քանի որ անակնկալներ շատ եմ սիրում, բայց ուզում եմ հիշեցնել քեզ, որ ամեն տարի քեզնից նապաստակ ու շնիկ եմ խնդրել, բայց դու ինձ միշտ նվիրել ես փափուկ խաղալիքի տեսքով: Հուսով եմ, որ մի օր կճամփորդեմ Լապլանդիա, կայցելեմ քո թագավորությունը և անձամբ կհանդիպեմ քեզ և քո գործընկեր էլֆերին :) Շատ եմ սիրում քեզ, պաչիկներ»:
Անցած տարի Ձմեր պապը առատաձեռն եղավ երգչուհի Լիդուշիկի հանդեպ և կատարեց նրա երազանքները: Լիդուշիկն այս տարի էլ այդ հույսն ունի:
«Ողջույն, իմ սիրելի Ձմեռ պապ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ աշխարհին խաղաղություն, իսկ մարդկանց' քաջ առողջություն, երջանկություն ու հաջողություն: Ուզում եմ, որ բոլորից հեռանա չարը և ամենուրեք տիրեն միայն սերն ու բարությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդ տարվա նվերների համար: 2012-ին իրականացան իմ երեք երազանքները' թողարկվեց իմ առաջին ձայնասկավառակը, երգեցի Հռոմի բեմերից մեկում և ահա շատ շուտով կկայանա իմ առաջին մենահամերգը: Ուզում եմ, որ 2013-ին իրականանա իմ ցանկություններից ևս մի քանիսը: Ես շատ եմ ուզում համերգներով շրջագայել, ունենալ տեսահոլովակ և էլի մի քանի գեղեցիկ երգեր: Խնդրում եմ, որ քո հրաշագործությամբ օգնես, որ այս ամենը իրականանա գալիք տարում: Իսկ Ամանորի գիշերն ուզում եմ, որ արջուկների իմ հավաքածուն համալրես ևս մի գեղեցիկ, վարդագույն արջուկով»:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան ներկայացուցիչներ «Compass Band» խմբի տղաներն Ամստերդամում արդեն հանդիպել են Ձմեռ պապին, ստացել իրենց նվերերը, բայց դեմ չէին լինի, եթե նա նորից գար։
«Ողջույն բոլորին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Ցանկանում ենք, որ բոլոր երեխաները լինեն երջանիկ, առողջ և հասնեն բարձունքների: Մենք ցանկանում ենք, որ հայ աղջիկները միշտ ժպտան, ինչը կոչ ենք անում մեր երգով: Մեծերին նույնպես առողջություն, համբերություն ենք մաղթում, պատրաստակամություն' կատարելու մեր բոլորի ցանկություններն ու կամակորությունները: Թող Նոր տարին լինի բարի, առատ ու լուսավոր: Կցանկանանք, որ Ձմեռ պապը հասցներ նվերներով այցելել բոլոր երեխաներին, իսկ եթե անգամ մեզ չհասցնի այցելել, ոչինչ, մենք նրան արդեն Ամստերդամում հանդիպել և մեր նվերները ստացել ենք: Մինչ նոր հանդիպում Լապլանդիայում»:
Իսկ ահա փոքրիկ երգիչ Միքայելը հասկանում է, որ Ձմեռ պապին այդ ժամանակ շատերն են նամակ գրում, ուստի ընդամենը մի նվեր է ցանկանում:
«Բարև, Ձմեռ պապի ջան: Ես Միկան եմ, սովորում եմ 4-րդ դասարանում: Գերազանցիկ եմ: Սովորելուց բացի, երգում եմ և դաշնամուր նվագում: Ես գիտեմ, որ հիմա քեզնից շատերն են նվերներ խնդրում, ու դու շատ զբաղված ես, դրա համար էլ շատ եմ խնդրում, եթե հնարավոր է' ժամանակ գտիր և ինձ համար սինթեզատոր բեր: Ես այն շատ եմ ուզում: Ես ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր երեխաները միշտ առողջ և ուրախ լինեն»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը