Էրիկ. Փորձում եմ պատկերացնել մեկին, ում կուզենայի տեսնել իմ կողքին
Հասարակություն
“Դե Ֆակտո” ամսագիրը “Տարվա երգիչ” է ճանաչել Էրիկ Կարապետյանին։ Ներկայացնում ենք երգչի հետ հարցազրույցը։
-Հարգելի՛ Էրիկ, “Դե Ֆակտո” ամսագիրը Ձեզ ճանաչել է “Տարվա երգիչ”, ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ։ Դուք ինքներդ ինչպե՞ս կգնահատեք 2012թ. Ձեր գործունեությունը, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եք ունեցել։
-Նախ շնորհակալ եմ մրցանակի համար։ Կարծում եմ՝ այս տարի շատ եմ աշխատել։ Եթե նախորդ տարի ավելի շատ ինչ-որ նախագծերի կամ մրցույթների էի մասնակցում, ապա այս տարի հիմնականում անհատական գործունեությամբ եմ զբաղվել։ Պատրաստել եմ բավականին շատ նոր երգեր, որոնք կընդգրկվեն իմ ձայնասկավառակում։
-Եթե փորձեք Ձեր կյանքը փուլերի բաժանել, ի՞նչ փուլեր կնշեք, այժմ ո՞ւր եք հասել։
-Չգիտեմ՝ հիմա ուր եմ հասել, բայց մի բան գիտեմ, որ հանդիսատեսը արդեն հասցրել է ինձ սիրել ու սպասում է իմ աշխատանքին՝ մենահամերգին։ Այժմ նախապատրաստական փուլում եմ և պատրաստվում եմ գեղեցիկ ծրագրով ներկայանալ իմ սպասված անհատական համերգով։ Գարնանը կլինի ձայնասկավառակ, իսկ հետո սպասված համերգ։
-Ըստ Ձեզ՝ Ձեր ո՞ր երգն է (կամ տեսահոլովակը) Ձեզ ամենամեծ հաջողությունը բերել։
-Բոլոր երգերն էլ ունեն իրենց լուման այդ հարցում, բայց ինձ թվում է՝ բոլորը կհամաձայնվեն, որ Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը” երգը, որը հատուկ տեղ ունի իմ կյանքում՝ մի երգ, որը շատ բան փոխեց …
-Ո՞րն է Ձեզ ամենահոգեհարազատ երգը, որ ամենաուրախ և ամենատխուր պահերին մտաբերում եք։
-Շատ երգեր կան… Երբ ուրախ եմ լինում, լսում եմ ակումբային երգեր, իսկ երբ ավելի ռոմանտիկ տրամադրություն ունեմ, լսում եմ Luis Miguel, David Bisbal, Brian McNight, Erik Benet…
-Ձեր երգերը հոգու խորքում ինչ-որ մեկի նվիրո՞ւմ եք, ունե՞ք նման երգեր։
-Բոլոր երգերում փորձում եմ պատկերացնել մեկին, ում կուզենայի տեսնել իմ կողքին…
-Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը, այսօր մեր երգարվեստը զարգացման ո՞ր փուլում է գտնվում, ինչպե՞ս կբնորոշեք։
-Այժմ մեր երգարվեստում խճճված վիճակ է, եթե այն ժամանակ, երբ նոր էի Վրաստանից եկել, զգում էի, որ վերահսկվում էր դաշտը, փորձում էին ճաշակով երաժշտություն մատուցել, ապա այսօր կարծես հակառակ երևույթն է կատարվում։ Բայց ես կարծում եմ, որ մարդիկ հոգնել են ու հուսով եմ՝ շուտով ամեն ինչ առաջվա պես կլինի ու լավ երգեր կհնչեն։ Շատ եմ ցանկանում, որ Հայաստանում առաջնահերթ լսեն տարբեր ժանրերի հայկական երգեր, հետո նոր արտասահմանյան, ինչպես որ միշտ եղել է։
-Մոտենում է Ամանորը, ի՞նչի մասին եք երազում, ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ տարվա հետ կապված։
-Երազում եմ, որ հանգիստ, խաղաղ պայմաններում ապրենք, իսկ ես իմ երգերը նվիրեմ հանդիսատեսիս։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը