Փոխվարչապետն այցելեց սահմանամերձ Չինարի համայնք
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տարեվերջյան աշխատանքային այցով այսօր եղավ Տավուշի մարզում:
Մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելեց սահմանամերձ Չինարի համայնք, որտեղ ներկա գտնվեց 1992 թ-ին` այս օրը` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական հրետակոծությունների ժամանակ զոհված ազատամարտիկների եւ խաղաղ բնակիչների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը: Քսան տարի առաջ` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական կողմից հարձակումների էր ենթարկվել Տավուշի մարզի ամբողջ սահմանագիծը, որի ժամանակ Չինարի եւ հարեւան սահմանամերձ համայնքները բազմաթիվ զոհեր են տվել` պաշտպանելով սահմանները: Հուշակոթողը կառուցվել է համայնքի բարերարների ներդրումներով, համայնքապետարանի ու մարզպետարանի համատեղ ուժերով:
Փոխվարչապետն ընդգծեց մեր երկրի համար սահմանամերձ համայնքների ռազմավարական նշանակությունը եւ նշեց, որ այս առումով կառավարությունն առավել քան կարեւորում է սահմանամերձ գոտու համայնքների սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը:
Ա.Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց սահմանամերձ համայնքի բնակիչներին, ովքեր անկախ խնդիրներից, շարունակում են ապրել այստեղ ու զարգացնել իրենց համայնքը:
Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացավ նաեւ տարածաշրջանի համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը