Սոնա. Կինն ամեն ինչ կարող է անել, բացի...
Հասարակություն
LN-ի հյուրասրահում է երգչուհի Սոնան:
-Շատերն են փորձում ռուսական, առհասարակ արտասահմանյան շոուբիզնեսում հաստատվել, բայց փորձը ցույց է տալիս, որ հաջողության են հասնում հատուկենտ մարդիկ. քո ճանապարհն ինչպիսի՞ն էր:
-Ես երգում էի Աշոտ Բզնունու ջազ երգչախմբում: 22-23 աղջիկ էինք, որոնց մեջ էին նաև մեր տաղանդավոր Վարդուհի Վարդանյանը, Զառա Բաբայանը և այլք: Տարբեր ոճերի մեջ էինք երգում, 4-5 ձայնով: Հետո խմբի մեներգչուհի դարձրեց ինձ Բզնունին խռպոտ տեմբրիս համար: Երբ դարձա 17 տարեկան, հասկացա, որ ժամանակն է ինքնուրույն ինչ-որ բան ձեռնարկել: Չգիտեմ ինչու շատ էի ուզում Մոսկվա գնալ: Իսկ հետո իմացա, թե ինչու էր հենց Մոսկվան ինձ ձգում (Սոնայի ծնողներն իրենց մեղրամիսը անցկացրել են Մոսկվայում-հեղ.) (ժպտում է-LN): Այն ժամանակ շատ հայտնի էր «Յուրմալա» ծրագիրը, որին հաջորդեց ևս մեկ մեծ տարածում գտած ծրագիր՝ «Утренняя звезда»–ն: Ես որոշեցի փորձել ուժերս: Ի սկզբանե չկար խնդիր, որ գնում եմ Մոսկվա՝ մնալու: Չէ, ես պարզապես գնում էի մասնակցելու, փորձելու ինքս ինձ: Հանդիպեցի Իոսիֆ Պրիգոժինի (երգչուհի Վալերիայի ներկայիս ամուսինը-հեղ.) հետ, ով լսեց իմ ձայնագրությունները ու չէր կարողանում հավատալ, որ ես աղջիկ եմ: Նրան թվում էր , թե ես կամ տղա եմ, կամ շատ մեծ տարիքով կին, կամ фирмачка, այսինքն՝ չէր հավատում, որ ԽՍՀՄ-ից եմ: Որոշեցինք համագործակցել և առաջինը, որ արեցինք «Утренняя звезда»-ին մասնակցելն էր:
-Հաղորդումը բավականին մեծ ճանաչում բերեց քեզ…
-Այո, ես հասա եզրափակիչ: Ես ու Վալերիան իրար դեմ պետք է մրցեինք: Իսկապես շատ հաջող մտանք ռուսական շուկա: Եզրափակչում էլ բոլորը հասկանում էին, որ հնարավորությունները իմ կողմն էին, անգամ շատ վստահ էի: Երբեք չեմ մոռանա, թե ինչ եղավ եզրափակչի համերգին: Ես հանդերձասրահում եմ, արդեն պատրաստվում եմ, ներս է մտնում Իոսիֆն ու ասում. «Սոն, չնեղվես, մի նյարդայնացիր, խնդրում եմ, բայց Շուլգինը իր հաշվին ժյուրիի անդամ է հրավիրել Սեմ Բրաունին ու նրա պրոդյուսերին»: Ես արդեն հասկացա, թե դա ինչ էր նշանակում: Իսկ Շուլգինը Վալերիայի ամուսինն էր այն ժամանակ: Մրցույթի եզրափակչում իմ ելույթի ժամանակ բարձրախոսի ձայնը կտրեցին ու ես առանց բարձրախոսի երգեցի, չնայած կարող էի կանգնեցնել մրցույթն ու պահանջել, որ նորից միացնեն:
-Ի՞նչն է առհասարակ հունից հանում Սոնային:
-Անարդարությունը: Ամեն ինչում տանել չեմ կարողանում անարդարությունը: Ինչպե՞ս ինքդ քեզ խաբել: Ես միշտ ինձ դիմացինիս տեղն եմ դնում, և իրավիճակն ավելի պարզ է դառնում ինձ համար, ու իմ որոշումը ճիշտ է լինում:
-Կա նաև մի վարկած, որ առհասարակ շոուբիզնեսում հայտնվելու համար հարուստ հովանավորներ են պետք: Քեզ նրանք պետք եղե՞լ են:
-Չեմ հերքի, որ դա կարևոր է: Ես գնացի Մոսկվա մի ճամպրուկով, շորիկով ու չգիտեի՝ ինչ կլինի, ոնց կլինի, կմնա՞մ, թե՞ ոչ: Մի բան հաստատ է՝ փողով տաղանդ չես առնի: Բայց եթե մարդ ունի տաղանդ, այդ օգնությունը կարող է նրան առաջ տանել: Չեմ ուզում խաբել ու ասել, թե ոչ, պետք չէ, իհարկե պետք է: Չէ որ պետք է տեսահոլովակներ նկարահանվեն, էլի շատ նախագծեր: Ես իմ ընկերներից եմ մեծ օգնություն ստացել, ամուսնուցս: Շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ միշտ էլ լավ մարդիկ հանդիպել են:
-Անպայման ուզում եմ հիշել քո (երևի թե առաջին) տեսահոլովակը՝ «Ромашки любви» «Մեր բակի» շրջանակներում, կարելի՞ է ասել, որ հենց այստեղից սկսվեց Սոնայի կարիերան:
-Չէ, ինքը տեսահոլովակ չի, պարզապես ֆիլմի համար է: Կարիերայի սկիզբ հաստատ չէր ինձ համար: Մինչև դա ես արդեն ջազ երգչախմբում էի, հետո 17 տարեկանում արդեն Մոսկվայում էի երգում: Իսկ «Մեր բակը» 1996 թվականին էր:
-Ուժերդ փորձել ես նաև կինոյում: Ինչու չէ, մարդիկ ճանաչեցին քեզ նաև «Մեր բակը»-ով: Եվ ինչո՞ւ չշարունակվեց Սոնայի ուղին որպես դերասանուհի:
-Այո, հրավիրեցին, ես էլ չմերժեցի: Ինձ համար շատ հաճելի էր, ես այդ ֆիլմի շնորհիվ ճանաչեցի այնպիսի մարդկանց, որոնք ինձ համար միայն հեռուստատեսային էին նախկինում: Աշոտ Ղազարյանը, ում մենք ընտանիքով շատ ենք սիրում, Լալան, Արմեն Խոստիկյանը, Քոթանջյանը, շատ-շատերը: Այնքան լավ էր, չեք պատկերացնի, շատ ջերմ էր մթնոլորտը: Իսկ չշարունակվեց, որովհետև իմ մասնագիտությունը, այնուամենայնիվ, երգելն է: Հետո՝ Հայաստանում կինո չէր նկարահանվում, շատ ծանր վիճակ էր: Հիմա է, որ շատ են սերիալները, ֆիլմերը:
-Հանդիսատեսը միշտ էլ կարծել է, որ ֆիլմում զույգ հանդիսացողները կյանքում էլ ինչ-որ սիրային հարաբերություններ են ունենում: Ինչպե՞ս էր քո ու Մկոյի հարցում: Եվ արդյո՞ք հիմա որևէ շփում ունեք:
-Ցավոք, չեմ տեսնում Մկոյին: Բայց շատ ուրախ եմ, որ ինքն էլ բավականին հայտնի է, լավ գործ են անում Հայկոյի հետ միասին: Շատ տաղանդավոր են, ձևավորեցին Հայաստանում այդ շուկան: Այն ժամանակ էլ շատ ջերմ են եղել հարաբերությունները: Կադրից դուրս կարող էինք գժություններ անել, երգել: Բայց ամեն ինչ զուտ ընկերական է եղել:
-Թերևս քո երգերից զատ մարդկանց հիշողություններում լավ տպավորվել են նաև քո խոսքերը ֆիլմից՝ «Ну говори же, Мко!»: Կարծում եմ՝ անհնար է որևէ հուշ չունենալ այս դերի և հատկապես այս խոսքերի հետ կապված: Ինչ-որ հետաքրքիր պատմություն, դեպք կհիշե՞ս այս ֆրազայի հետ կապված:
-Այո, իհարկե: Ուրեմն ասեմ, որ նախապես էդ արտահայտությունը հայերեն էր գրված, որ ես պետք է ասեի: Ես Ռուսաստանից գալիս եմ, մի քիչ ռուսական շեշտադրումներով: Ու պետք է ասեի՝ «Դե ասա, Մկո, ասա»: Բայց ասելիս ես հասկանում էի, որ շատ ձևական է ստացվում. ես ես չէի: Առաջարկեցի ռուսերեն ասել, դե բակերում լինում են չէ՞ ռուսախոս հարևաններ: Ու ավելի լավ ստացվեց, լավ հիշվեց:
-Ինչպիսի՞ն է քո պատկերացմամբ իդեալական տղամարդը:
-Իդեալական չկա: Ոչ միայն տղամարդ, կին էլ չկա իդեալական: Երևի դա է խնդիրը, որ բոլորը փնտրում են արքայազների: Ես ուզում եմ միայն, որ իմ տղամարդն ընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ, հասկանա ինձ, հարգի իմ մասնագիտությունը, որովհետև առանց դրա ես չեմ կարող: Մի անգամ փորձեցի ետ կանգնել, բայց չստացվեց: Երգելու եմ, քանի դեռ ապրում եմ:
-Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են: Ինչո՞ւմ է դրսևորվում քո թուլությունը: Եվ ո՞րն է քո ամենաուժեղ գիծը:
-Չէ, այդպիսի բան չկա: Կինն ամեն ինչ կարող է անել, բացի միայնակ երեխա ունենալուց: Կանայք բոլոր ասպարեզներում են, ուղղակի բաներ կան, որ տղամարդկանց մոտ ավելի լավ է ստացվում: Թուլություն է, թե՝ ոչ, չգիտեմ, բայց մարդկանց շատ եմ հավատում: Չեմ կարող փոխել այդ գիծը, ես հավատում եմ ու վերջ: Չէ որ մեր կյանքում ամեն ինչ հիմնված է երեք կետի վրա՝ հույս, սեր, հավատ: Թուլություն է երևի, որ չեմ կարող համեղ ուտելիք տեսնել ու չուտել (ծիծաղում է-LN): Ռիսկային եմ շատ: Հնարավոր է, որ միայնակ եմ, դրանից է: Կարծում եմ՝ երեխաների հետ երևի թե կփոխվի այդ գիծը:
-Սոնա, եթե հնարավորություն ունենայիր կյանքում որևէ բան փոխելու, ի՞նչը կլիներ:
-«Ջիջիլի» նման հարց է (ծիծաղում է-LN): Փոխելու հետ չի կապված, բայց ուզում եմ երեխաներ ունենալ ու կանեմ դա հաստատ: Կուզենայի ժամանակից շուտ չջղայնանալ, չբռնկվել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը