Այսօր Շնորհակալության միջազգային օրն է. ո՞ւմ են շնորհակալ քաղաքական գործիչները
Հասարակություն
Հունվարի 11-ը Շնորհակալության համաշխարհային օրն է: Այս տոնը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից: Հունվարի 11-ին յուրաքանչյուր ոք պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ:
Լուրեր.com-ը զրուցեց քաղաքական գործիչների հետ՝ ճշտելու, թե ում են ամենաշատը նրանք շնորհակալ անձնական կյանքում և քաղաքականության մեջ:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյան
Շնորհակալ եմ իմ ծնողներին՝ ոչ միայն ինձ աշխարհ բերելու, այլև իրենց ջերմությամբ և հոգատարությամբ ինձ շրջապատելու համար, շնորհակալ եմ իմ պապիկ-տատիկներին, ովքեր ինձ նվիրել են անհոգ մանկություն, մանկություն, որում խստություն չի եղել՝ առանց բացառության: Ծնողները մի քիչ ավելի խիստ են վերաբերվում, որովհետև դաստիարակության գործը ծնողներին է հիմնականում վերապահված լինում, իսկ տատիկների, պապիկների կողմից միայն անսահման սեր է լինում:
Ես իրենց եմ շնորհակալ, իսկ քաղաքական առումով շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև նրա շնորհիվ ես հայտնի դարձա հանրությանը: Թեև մի փոքր անհամեստ գտնվելով՝ կարծում եմ՝ ես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունն ավելացրել եմ, և հասարակությունը դրական է վերաբերվել իր ներկայացրած պատգամավորին: Գաղտնիք չէ, որ 2007-ին «Ժառանգություն»-ը խորհրդարանում հայտնվեց բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական անվան պատճառով: Ուստի և քաղաքական առումով շնորհակալ եմ իրեն՝ ինձ հասարակության առջև բացահայտելու համար, և շնորհակալ եմ իգական սեռին՝ ինձ սիրելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան
Նախևառաջ շնորհակալ եմ առաջին նախագահին, որ առիթ եմ ունեցել իր հետ աշխատելու, և շարունակելու եմ աշխատել. նա չի զլացել իր փորձը, իր իմաստությունը փոխանցել մեզ, նա մեզ բոլորիս կարողանում է միասնական պահել: Ես շնորհակալ եմ այն տարիների համար, որ մենք միասին աշխատել ու պայքարել ենք:
Իհարկե. շնորհակալ եմ նաև բոլոր իմ գործընկերներին, ովքեր իրենց դրական լուման են ներդրել մեր երկրի ապագայի համար պայքարի մեջ: Նաև շնորհակալ եմ իմ հակառակորդներին, ովքեր ինձ հարվածել են, և ես դրա արդյունքում ուժեղացել եմ:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն զլանում ճշմարտությունն ասել, ովքեր չեն կաշառվում, ովքեր պնակալեզ չեն դառնում, ովքեր ունեն սկզբունքներ և կարողանում են պաշտպանել, շնորհակալ եմ նրանց այդ տեսակի համար, շնորհակալ եմ այն երիտասարդներին, ովքեր իրենց անձնական շահը, հաճույքները մի կողմ դրած՝ ուս-ուսի, մեզ հետ փորձում են նոր Հայաստան կառուցել: Դա մեզ դեռ չի հաջողվել, բայց ես հույս ունեմ, որ այն սերունդը, որ աճել է մեր պայքարի արդյունքում, միանշանակ կարողանալու է մեզ հետ համատեղ դրական արդյունք գրանցել:
Իհարկե, ուրախ կլինեի նաև շնորհակալություն հայտնել իշխանություններին իրենց լավ ծառայության համար, բայց այսօր չեմ կարող այդ շնորհակալությունը հայտնել, որովհետև մեր ժողովուրդն այն վիճակում է, որ երևի թե պիտի շնորհակալություն հայտնեմ իրենց, որ այսօր դեռ դիմանում է մեր երկրում և շարունակում է ապրել. փառք ու պատիվ նրանց, ովքեր չեն հուսահատվել, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարել մեր երազանքների երկրի ստեղծման համար:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան
Շնորհակալ եմ մայրիկիցս՝ մեզ դաստիարակելու, մեզ սովորեցնելու, մեզ մարդ դարձնելու ճանապարհը, ճիշտ ուղղությունը ցույց տալու համար, քաղաքական առումով շնորհակալ եմ իմ քաղաքական թիմից, շնորհակալ եմ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, ով ընդգրկեց ինձ Հանրապետական կուսակցության շարքերը՝ որպես մարդ, քաղաքացի: Շնորհակալ եմ մեր այսօրվա քաղաքական թիմի ղեկավարից՝ Սերժ Սարգսյանից, ով հնարավորություն է տալիս, որ երիտասարդները դրսևորվեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
Ես շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին, իրենց անսահման համբերատարության համար:
Լուրեր.com
Շնորհակալ ենք մեր սիրելի ընթերցողներին՝ մեզ վստահելու և մեր հրապարակումներին ակտիվ արձագանքելու համար:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը