Խորհրդակցություն՝ «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» ծրագրի շուրջ
Հայաստան
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հունվարի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից, որով 2013թ-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաեւ Գյումրին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ արտաքին գործերի, մշակույթի եւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ: Հ. Պողոսյանը տեղեկություններ ներկայացրեց Գյումրիում նախատեսվող միջոցառումների մասին՝ նկատելով, որ ստեղծվում է լավ հնարավորություն քաղաքում մշակութային կյանքը ակտիվացնելու, տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
Փոխվարչապետը հանձնարարեց ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներին Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել միջոցառումների ծրագրի նախագիծը: Գյումրիի քաղաքապետին առաջարկվեց հարցը ներկայացնել Գյումրիի ավագանու անդամներին, ինչպես նաեւ դիմել տեղական հասարակական կազմակերպություններին՝ միջոցառումների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար:
Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց որոշման նախագիծ ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը կմշակի միջոցառումների ծրագիրը եւ կհամակարգի դրա իրականացումը: Քննարկվեցին նաեւ կազմակերպչական այլ հարցեր:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի