Ավստրալահայն օգնում է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված անօթևան ընտանիքներին (տեսանյութ)
Հասարակություն
Գյումրիում այս օրերին երեկոյան և գիշերային ժամերին բավական ցուրտ է' 18-20 աստիճան, ինչն անտանելի է դարձնում կյանքը հատկապես տնակներում բնակվող ընտանիքների համար: Ձմռան ամիսներին Գյումրու վագոն-տնակներում բնակվող անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական խնդիրը տնակներում մի կերպ նորմալ ջերմաստիճան ապահովելն է: Եվ քանի որ մշտապես թերսնվածության խնդիր ունեցող գործազուրկ անօթևան ընտանիքների համար մեկ խորանարդ մետր վառելափայտը 20 000 դրամով գնելը, չհաշված կտրելու և ջարդելու արժեքը, գրեթե անհնարին է, այդ պատճառով նրանք ձեռքերն ընկած իրերը' պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, օգտագործում են որպես վառելիք: Եվ ինչպես բազմիցս նշել ենք, դժբախտաբար տնակներում ապրողների համար պետության կողմից որևէ սոցիալական արտոնություն, ասենք' ձմռան ամիսներին անվճար կամ գոնե մատչելի գնով վառելիք, չի տրամադրվում:
Ուստի «Շիրակ կենտրոնը» ձմռան ամիսներին պարտադրված, հիմնականում' արտերկրում ապրող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, պարբերաբար իրականացնում է անօթևան ընտանիքներին վառելափայտի տրամադրման ակցիաներ: Նման մի ակցիա էլ իրականացվեց այսօր, որի ընթացքում տասնյակ ընտանիքների բաժանվեց ավստրալահայ մեր հայրենակից Արամ Միքայելյանի կողմից ուղարկված գումարով գնված վառելափայտը:
Վերջում ավելացնենք, որ Գյումրու հարյուրավոր անօթևան ընտանիքների վառելափայտի տրամադրումը կրելու է շարունակական բնույթ:
Վառելափայտի բաժանման մասին պատմող մեր պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
shirakcentre.org


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը