Նորությունների տեղատարափ` Արսեն Գրիգորյանից
Հասարակություն
Արսեն Գրիգորյանը հունվարի 15-ին առաջին անգամ կտեսնի նորածին որդուն. նրա կինը եւ երեխաները Ֆրանսիայից Հայաստան դեռ չեն վերադարձել, իսկ մինչ այդ՝ ամսի 14-ին, կկայանա երգչի «Երանի» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը կներկայացնի նաեւ BRAVO.am-ը:
Այս երգը երաժիշտը գրել է 2002 թվականին, բայց միայն հիմա է որոշել տեսահոլովակով ներկայացնել: Ի դեպ, «Երանի»-ն կընդգրկվի նաեւ նրա նոր ձայնասկավառակում, որը նախատեսել է թողարկել իր ծննդյան օրը՝ հունիսի 23-ին:
Արսեն Գրիգորյանն իր տարեդարձը նշանավորելու է նաեւ երեւանյան մենահամերգով, որը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում. «Նախապես որոշել էի ելույթ ունենալ փետրվարի 14-ին, բայց մարզերում համերգների մեջ եմ լինելու, ծննդյանս օրն ավելի հարմար տարբերակ է: Հիմա նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, տեսահոլովակների վրա ենք աշխատում ու ձայնագրում նոր ձայնասկավառակիս երգերը»:
«Երանի» երգի տեսահոլովակը նկարահանվել է Երգի թատրոնի դահլիճում, ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը՝ Կարեն Ստեփանյանը. «Սիրուն լույսերով ու կադրերով տեսահոլովակ կլինի: Քանի որ երգը ձայնագրելիս երաժշտական գործիքների կենդանի հնչողություն ենք ապահովել, ինձ հետ դահլիճում նկարահանվել են նաեւ երաժիշտները՝ Կարո Սարաֆյանը, Պերճ Նահապետյանը, Սերգեյ Այվազյանը եւ այլք»:
Արսեն Գրիգորյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ 2013 թվականի ընթացքում պատրաստվում է դուետներով հանդես գալ Հասմիկ Կարապետյանի, Արման Հովհաննիսյանի ու Նունե Եսայանի հետ. «Ուզում եմ մենահամերգին գոնե դրանցից երկուսը պատրաստ լինի: Ըստ երգի՝ ընտրում եմ, թե ում հետ կարելի է դուետ կատարել ու առաջարկում եմ»:
Երգիչը նաեւ զուգերգ ունի իր կնոջ հետ, որը նվիրված է աղջկան՝ Ինեսին, բայց ինչպես նշել է, այն հանրությանը չի ներկայացվի. «Այդ դուետը ընտանեկան բնույթ է կրում, չեմ ուզում մասսայականացնել, թեեւ սիրուն երգ է, բայց անձնական է:)»:
Արսենն առաջիկայում նախատեսում է եւս երկու տեսահոլովակ ներկայացնել. իր հեղինակած լիրիկական երգերից մեկը կոչվում է «Ես ու դու», մյուսը՝ «Ոնց ասեմ», որոնք տարվա ընթացքում պատրաստ կլինեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը