Լիլիթ Հովհաննիսյանը՝ իր հղիության, քթի վիրահատության և Եվրատեսիլին մասնակցելու մասին
Հասարակություն
– Լիլի՛թ, վերջերս հեռուստադիտողին պարբերաբար ներկայանում ես նոր տեսահոլովակներով, ի՞նչով է դա պայմանավորված։
— Պայմանավորված է նրանով, որ ես անընդհատ աշխատում եմ. սա իմ սկզբունքն է՝ աշխատել շատ և միշտ։ Ամենակարևորը՝ ես միշտ ներկայանալու եմ ամենատարբեր կերպարներով։ Տարբեր կերպարներով ներկայանալու եմ ոչ թե որևէ մեկին զարմացնելու, այլ հեռուստադիտողին ու իմ երկրպագուներին չձանձրացնելու և հետաքրքիր լինելու համար։ Այսինքն՝ ինքնանպատակ ոչինչ չի արվում։
– «Թու–թու–թու» երգի տեսահոլովակում շատերն անակնկալի եկան քո պարից. եղան թե՛ դրական և թե՛ բացասական արձագանքներ։ Այնուհետև հաջորդեց «Թե աղջիկ լինեիր» երգիդ տեսահոլովակը, որտեղ ևս կան պարային տեսարաններ։ Քեզ նույնիսկ չխանգարեց «պարել չգիտի, թող չպարի» արտահայտությունը, որը բազմիցս շրջանառվեց թե՛ սոցիալական կայքերում և թե՛ եթերներից։
— Քանի որ մեր հասարակությունը դժվարությամբ է ընկալում և ընդունում յուրաքանչյուր նորություն, ուստի ես սպասում էի թե՛ դրական և թե՛ բացասական արձագանքների։ Շատ ուրախ եմ, որ կարծիքները ծայրահեղ են, այսինքն՝ չկա գոլ վիճակ, որն ուղղակի անտանելի է։ Իսկ ինչ վերաբերում է «պարել չգիտի, թող չպարի» արտահայտությունը, ապա սիրով պետք է նշեմ, որ իմ գերխնդիրը պարելը չէ, այլ երգելը։ Չնայած շատերն իրենց թույլ են տալիս նաև երգելուս վերաբերյալ բացասական կարծիքներ հայտնել, բայց դրանք ինձ համար որևէ արժեք չունեն։ Ավելի ճիշտ՝ ինձ բոլոր կարծիքներն էլ հետաքրքիր են, բայց ես կարևորում եմ միայն պրոֆեսիոնալների կարծիքը։ Եթե պարզապես բեմում կանգնած երգում ես, ասում են՝ քարացած երգում ա, շարժվել չգիտի, սկսում ես շարժվել, ասում են՝ պարել չգիտի, մի խոսքով՝ դժգոհներ միշտ էլ կգտնվեն։ Ինչպես արդեն նշեցի, ես կարևորում եմ միայն պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքը, և եթե իմ պարի դասատուն կամ իր կոլեգաներն ասում են՝ լավ է, ուրեմն պարապ մարդկանց կարծիքն ինձ չի հետաքրքրում։ Նույն ձևով կարող եմ օրինակ բերել նաև Կոմիտասի երգի իմ կատարումը, որը բազմիցս քննադատվեց։ Այդ քննադատությունները ուղղակի զրոյացան, երբ կենդանի լեգենդ Օֆելյա Համբարձումյանն ինձ ասաց, որ ուրախ է, որ կա ինձ նման երգչուհի, ով այդքան երիտասարդ լինելով' կարողացել է խորությամբ զգալ Կոմիտասին և այդպես գեղեցիկ մատուցել։ Այնուհետև հավելեց, որ եթե ինքը շարունակեր երգել, ապա մեծ հաճույքով կցանկանար երգել հենց ինձ հետ։ Իմ փոխարեն եթե դուք լինեիք, ո՞ւմ կարծիքը կկարևորեիք:
– «Դար 21» հեռուստաընկերության «Ֆայլ Պրո» ծրագրի շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ նշել էիր, որ «Թու–թու–թու» երգի տեսահոլովակն արժեցել է մոտ 12 հազար ամերիկյան դոլար,. հետաքրքիր է՝ ինչքա՞ն գումար ծախսվեց «Թե աղջիկ լինեիր» երգի տեսահոլովակի վրա։
— Այս տեսահոլովակն արժեցավ մոտ 17 հազար ամերիկյան դոլար, որի մեջ մտնում է նաև դիզայներին հրավիրելը, իսկ հագուստերիս վրա օգտագործված սվարովսկու քարերը միայն երեք հազար դոլարից ավել արժեցան:
– Տեսահոլովակներից անցում կատարենք նաև քո անձնականին, որը ոչ պակաս է քննարկվում։ Հատկապես վերջերս շատերին հուզում է քո հղի լինել–չլինելը։ Իսկ այս խոսակցությունների համար առիթ հանդիսացավ համացանցում հայտնված մի լուսանկար, որտեղ դու բավականին կլոր փորիկով ես։ Թեպետ հետո պարզ դարձավ, որ այն պարզապես քո նոր տեսահոլովակից արված կադր է, բայց, միևնույնն է, խոսակցություններն այդպես էլ չմարեցին։ Ի՞նչ կասես այս առիթով։
— Կան շատ նեղ անձնական թեմաներ, որոնք ես չեմ ցանկանում բարձրաձայնել։ Սա հենց այդ նեղ անձնական թեման է, որը թերևս կմնա անպատասխան։
(Հարցազրույցի ժամանակ Լիլիթ Հովհաննիսյանի կազմվածքում որևէ փոփոխություն չնկատեցինք, այնպես որ դեռևս կարող եք հանգիստ շունչ քաշել:)
– Շշուկներ են պտտվում այն մասին, որ Լիլիթ Հովհաննիսյանը վերջերս դիմել է քթի պլաստիկ վիրահատության։ Շշուկները համապատասխանո՞ւմ են իրականությանը։
(Փոքր–ինչ պատասխանը ուշացնելով՝ Լիլիթ Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, պատասխանեց)։
— Որևէ վիրահատության չեմ դիմել, բայց դեմ չեմ նման վիրահատություններին։ Եթե ինքս կարիք ունենայի, կդիմեի անպայման։
– Շշուկներ են պտտվում այն մասին, որ Եվրատեսիլ– 2013–ին Հայաստանը ներկայացնելու է Լիլիթ Հովհաննիսյանը. ի՞նչ կասես։
— Կասեմ, որ մինչև Եվրատեսիլ գնալը պետք է գնալ նյարդաբանի մոտ, որովհետև Եվրատեսիլին մասնակցելու համար ամուր նյարդեր են պետք, իսկ ես դեռ նյարդաբանի մոտ չեմ գնացել, այսինքն՝ մինչև չհետազոտվեմ, չեմ կարող ասել
– Ո՞ր արտահայտությունն ես հաճախ օգտագործում։
— Շատ եմ օգտագործում լա՜վ էլիիիիիի, ԷԷԷԷԷԷԷ և շատ–շատ–շատ արտահայտությունները
– Ինչի՞ց ես վախենում ամենաշատը։
— Կյանքի կարևորագույն հարցերում սխալվելուց։
– Արդեն նաև գումա՞ր ես ստանում՝ քո տեսահոլովակների դիտելիության քանակից ելնելով։
— Իհարկե, սակայն այդ գումարը բոլորի համար նույնը չէ։ Եթե ես ստանում եմ 1 000 դիտման համար 8 ամերիկյան դոլար, որը ամենաբարձր նախատեսված գումարն է համարվում, ապա շատերը, ովքեր ևս ունեն պայմանագիր ընկերության հետ, ստանում են 2–3 դոլար և նույնիսկ ցենտեր։
– Կա տպավորություն, որ Վահրամի հեղինակային երգերից բացի, որևէ այլ երգահանի հետ չես պատրաստվում համագործակցել. արդյո՞ք ճիշտ է ստեղծված կարծիքը։
— Իհարկե ո՛չ, եթե լինեն լավ առաջարկներ, ես անպայման կհամաձայնեմ։ Պարզապես Վահրամի հետ աշխատելիս առաջին հերթին մտածում ենք իմ նախնական կերպարը, այնուհետև՝ ինչ տեսահոլովակ է նկարահանվելու, նոր վերջում այդ ամենին համապատասխան երգ է գրվում։ Ի դեպ, շատերի մոտ ձևավորվել է կարծիք, որ իմ թիմն ամեն ինչ անում է իմ փոխարեն։ Պետք է նշեմ, որ կերպարի ընտրության, հագուստի, տեսահոլովակի և մնացած հիմնական ծանրությունն իմ ուսերին է, քանի որ թիմիս մյուս անդամները, անգամ Վահրամը, ինձնից բացի, այլ գործեր էլ ունեն։ Իմ գործի համար ավելի շատ ես եմ սրտացավ, քան որևէ մեկը։ Ուզում եմ անպայման նշել նաև ինձ հետ աշխատող թիմի անդամներին՝ Արայիկ Գաբաջյան, Վահրամ Պետրոսյան, Արեն Բայադյան, Սեդրակ Ղամբարյան, Մանե Սահակյան և վերջին երկու տեսահոլովակի հետ կապված՝ աշխատեցի նաև «Ամարասի» հետ։
Հարցազրույցը՝ Boom ամսագրի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը