Գլամուրային «սրիկաները»
Հասարակություն
Փայլելու համար ոսկի լինել պարտադիր չէ: Վերջին շրջանում մեր՝ առանց այն էլ շատ հարուստ բառապաշարը համալրվեց մի նոր փայլուն բառով՝ «գլամուրով»: Առօրյայի մասը դարձան գլամուրային երեկույթները, առաջ եկավ գլամուրային հագուկապը, քաղաքում ավելացան գլամուրային խանութները, սրճարանները, ժամանցի այլ վայրերը:
Գլամուր՝ կատարյալ, փայլուն, անհասանելի, շքեղ ու թանկ, հետևաբար՝ գլամուրային. մարդկանց տեսակ, ում մասին կարելի է ասել «ամենա-ամենա»-ներ: Իսկ կյանքն առաջ է ընթանում, ու ամեն վայրկյան մի «ամենա»-ին գալիս է փոխարինելու մեկ ուրիշը: Կարևորը փոփոխություններին համընթաց քայլելն է: Ի սկզբանե շլացնելու և անահասնելի լինելու այս երևույթն այսօր դարձել է կենսակերպ: Համոզված եմ՝ կանանց գլամուրը ինչպես ինձ, այնպես էլ քեզ, ծանոթ է, իսկ թե ինչպիսին է տղամարդկանց գլամուրը, և ինչ է այն ենթադրում, բացահայտենք միասին:
Շարունակենք, չէ՞: Գարիկ Մարտիրոյան, Արսեն Սաֆարյան, Արամե, Անդրե, Հայկո, Արսեն Գրիգորյան, DJ Սերժօ. նրանցից յուրաքանչյուրն իր գործում հասել է այն փայլին, որը նրանց դարձրել է սիրելի և ներկայանալի: Կարծում եմ՝ համաձայն ես ինձ հետ, որ նրանք էլ տղամարդկանց «գլամուրի» վառ կերպարներ են: Գլամուրը անհասանելիությո՞ւն է: Անդրեի դեպքում սա իրականություն է. օրեր շարունակ նրա բջջայինի համարը հավաքելիս միայն «բաժանորդն անհասանելի է» սովորական դարձած արտահայտությունն եմ լսել: Գլամուրը ներքին փա՞յլն է: Գարիկ Մարտիրոսյան. կարծում եմ' ամեն ինչ ասված է: Գլամուրը ո՞ճ է: Հայկո, Արսեն Գրիգորյան. «Կոստյո՞ւմն է, որ պետք է ձեզ գեղեցկացնի»: Միշտ դասական, միշտ ներկայանալի, միշտ աչք շոյող: Գլամուրը անկրկնելի հմա՞յք է: Արամեն այնպես է ապրում երգով, որ քեզ էլ հմայում ու տանում է իր հետևից: Լավ, լավ, նրա հմայքը միայն երգի մեջ չէ:
Ի՞նչ կասես, գուցե մենք էլ սկսենք գեղեցիկ ուտել, եթե նույնիսկ տանն ենք, գեղեցիկ խոսել, եթե նույնիսկ բակում ընկերների հետ ենք, գեղեցիկ հագնվել, քայլել, ինչո՞ւ չէ, նաև լսել ու սովորել: Որովհետև ինչքան էլ փայլենք արտաքինից, առանց ներքին փայլի ոչինչ չի ստացվի: Չէ՞ որ գլամուրը, ի վերջո, հոգեվիճակ է:
Ավետ Բարսեղյան. հաղորդավար, ստեղծագործող, գլամուրային ժպիտ: Ի՞նչ կասես:
-Գլամուրն իմ պատկերացմա՞մբ: Հայաստանի պայմաններում ես «գլամուր» չեմ տեսնում: Գուցե չունեմ, դրա համար էլ չեմ պատկերացնում այդ գլամուրային, «գլյանցովի» կյանքը: Իմ կենցաղը հասարակ երևանյան տղու կենցաղ ա, չնայած՝ շոու-բիզնեսը, հեռուստատեսությունը գլամուրային ինչ-որ բան են համարվում: Ի՞նչ ասել է «գլամուր». թանկարժե՞քը, բարձրաճաշա՞կը, անհասանելի՞ն, շքե՞ղը, թե՞ բոլորը միասին: Էն ինչ ես եմ տեսնում, համենայնդեպս, չեմ կարող պիտակավորել որպես բարձրաճաշակ: Գլամուրային կյանքի համար շատ մեծ ֆինանսներ են պետք ու անհասանելիություն: Իսկ ո՞նց ես պատկերացնում անհասանելիությունը երևանյան պայմաններում, երբ գլամուրային կերպարին կարող ես հանդիպել սրճարաններում, կամ խցանման մեջ'հայհոյելիս (ծիծաղում է): Երևույթը դեռ նոր է մեզանում ու շտկելու շատ անկյուններ ունի: Ամեն դեպքում, ներքին փայլ ունեցող մարդկանց համար էնքան մեկ են պիտակավորումները' լինի «գլամուր», «էլիտար», թե «բոմոնդ»: Ինձ համար գլամուրային են այն մարդիկ, ովքեր ներքին արժեքներ ունեն:
Արչի. յուրօրինակ ռադիոհաղորդավար, գլամուրային ձայն: Դու և գլամուրը:
-«Գլամո՜ւր»՝ շարմ, հմայք, գայթակղիչ լինելու արվեստ, հավասարապես վերաբերում է թե՛ անձին, թե՛ ապրելակերպին: «Գլամուրը» կոծկում է թերությունները, թույլ է տալիս դիմացինին մտածել այն, ինչ տվյալ անհատը ուզում է, որ իր մասին մտածեն: Բայց շատ կարևոր մի բան կա. որքան էլ շլացուցիչ լինի արտաքին փայլը, այն շատ շուտ խամրում է, եթե ներքինը դատարկ է: «Հենզելը և Գրետելը» հեքիաթը հիշո՞ւմ ես: Երբ երեխաներն իրենց թողած քարերի շնորհիվ գտնում են տան ճանպարհը: Ա՜յ, այս դեպքում էլ գլամուրային արտաքինի համար ինտելեկտը, կրթվածությունը, քարերի նման պիտի ճանապարհ բացեն: Ես ոչինչ չեմ անում շրջապատին դուր գալու համար, կեղծ դիմակներ չեմ դնում, կյանքում ես Հրաչ Մուրադյանն եմ՝ ծնողներիս որդին, տատիկիս թոռնիկը, ընկերներիս ընկերը, Արչին այն կերպարն է, որը ես ցանկացել ու ստեղծել եմ. այդ սահմանը պետք է նկատելի լինի: Թեև էլի կեղծ ոչինչ չեմ անում: Ես սիրում եմ, երբ ամեն ինչ գեղեցիկ է: Էսպես ասեմ. երբեք չեմ բացի սառնարանի դուռը, չեմ վերցնի հաց, պանիր ու կանաչի' ուղղակի կշտանալու համար: Իմ ուտելիքն էլ պիտի գեղեցիկ մատուցվի:
Արամ MP3. դեղագործ՝ շոու-բիզնեսում, գլամուրային հումոր: Մի բան կասե՞ս գլամուրից
-Դե´, «գլամուրը» ոճ ա, նույն բարոկկո «ստիլն ա»: Էն որ ասում են, է՜. «ամեն ինչ տարիներ հետո վերադառնում ա»: Նույնն էլ «գլամուրի» հետ ա եղել: «Գլամուրը»միայն լավ, շքեղ շորերը չեն: Հին ժամանակներում էլ բարձր դասի մարդիկ հավաքվել են, ինչ-որ փայլուն մթնոլորտում պարիկներով ու «բանտիկով» կոշիկներով փիլիսոփայական զրույցներ են վարել: Իրենց երակներում հոսող կապույտ արյունով քննարկել են, օրինակ, «ի՞նչ է սերը» հավերժական հարցը (ծիծաղում է): Հիմիկվա գլամուրը, գլամուրային շոու-բիզնեսը ես էդքան էլ չեմ տեսնում: Էդ դրսից ա եկել ու դեռ էդքան էլ չի մտել մեր մեջ:
Նյութը՝ esyes.am-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը