ԱԻՆ փրկարարների սխրանքը հատուկ շնորհակալության արժանացավ
Հասարակություն
Հունվարի 7-ին քաղաքացի Հակոբյանից ահազանգ էր ստացվել, որ ձնաբքի հետևանքով Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Մարալիկի ՃՇՇ» ՓԲԸ-ի տեխնիկան ճանապարհին նույնպես արգելափակվել էր:
Ամասիա գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատից ամենագնաց ավտոմեքենայով դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ուշ գիշերը հրշեջ-փրկարարները ձյան մեջ արգելափակված մեքենաների 19 ուղևորի տեղափոխել էին Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատ:
Սա ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված հերթական ահազանգերից մեկն է՝ ընդամենը մի քանի բառով ներկայացված ամենօրյա ամփոփագրի մեջ։ Ահա, թե ինչ է այդ մասին գրված այսօր ԱԻ նախարարությունում ստացված նամակում.
«Հարգելի պարոն նախարար,
Կուզենայի Ձեզ պատմել 2013 թ. հունվարի 7-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկ գյուղի տարածքում ձնաբքի ճիրաններում հայտնված ուղևորներին օգնության հասած փրկարարների և Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրենի գլխավորած ինքնաբուխ փրկարարների գործած անհավատալի սխրանքների մասին:
Ցերեկվա ժամը 14.00-ի սահմաններում Լանջիկ գյուղի խաչմերուկի տարածքում ճանապարհը մաքրող մեքենան հետ դարձավ և անհասկանալի պատճառով հապշտապ հեռացավ Մարալիկ՝ անգամ չսպասելով ավտոմեքենաների վերադասավորմանն ու վերադարձի ապահովմանը: Քսանից ավելի տարբեր մակնիշի մարդատար մեքենաների ուղևորներ մնացին դաժան տարերքի քմահաճույքին հանձնված վիճակում: Ահազանգեցինք փրկարար ծառայություն, բայց պարզվեց, որ միակ «Ուրալ» ամենագնացը շատ հեռվից պետք է գա ու փրկարարների խմբի տեղ հասնելուն դեռ ժամանակ էր պետք:
Ձնաբքի գերության մեջ հայտնվածներիս, արդեն մութը վրա հասած դժվարագույն պայմաններում, հույսի և լույսի պես շողաց անհավատալի դժվարություններ հաղթահարելով մեզ հասած «Նիվա» ավտոմեքենան՝ իր արծվասիրտ կազմով, ովքեր հայոց բանակում հոգով ու մարմնով կոփված և հաստատակամ բնավորությամբ երիտասարդներ էին: Հետո իմացանք, որ նրանք անտեսել էին Մարալիկի մոտ գտնվող ավտոտեսուչների զգուշացումները, թե օգնել չեն կարող և անտեղի է իրենց ռիսկի դիմելը: Ճիշտ է՝ տղաներն անհավատալի դժվարություններ հաղթահարելով մեզ մոտ հասան, բայց մեքենաները չկարողացան ձյունից հանել: Քանի որ «Նիվան» միակ աշխատող մեքենան էր, նրա տաք սրահում հերթականությամբ ցրտահարման իրական վտանգից փրկվեցին բազմաթիվ մեծահասակ ուղևորներ և երեխաներ: Փրկարարների խումբը տեղ հասավ գիշերվա ժամը 02.00-ի սահմաններում: Տղաները հանգիստ չմնացին նաև փրկարարների՝ վտանգներով լի գործողությունների ընթացքում:
Բոլորիս կողմից շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր փրկարարներին՝ իրենց անօրինակ խիզախության և ցուցաբերած վերաբերմունքի համար:
Վերջում, Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատից բացի, անպայման ցանկանում եմ նշել նաև մեզ օգնության հասած կամավոր փրկարարների անունները՝ Հակոբյան Կարո Հովհաննեսի (դպրոցի փոխտնօրեն), Նազարեթյան Սարգիս Վաղարշակի, Անդրեասյան Վաղինակ Ռաֆիկի, Հակոբյան Էդգար Հովհաննեսի, Հակոբյան Սամսոն Մնացականի»։
Գ. Վ. Տեր-Պետրոսյան
Երևանի ճարտարապետության շինարարության պետական համալսարանի դոցենտ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը