Վերջին հրաժեշտը տվեցին Վլադիմիր Աբաջյանին
Հասարակություն
Այսօր հայ հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանին: Հուղարկավորությանը մասնակցում էին արվեստագետներ, ընկերներ, բարեկամներ և մարդիկ, ովքեր գնահատում են Վլադիմիր Աբաջյան արվեստագետին:
Վ. Աբաջյանը ծնվել է 1927 թ. նոյեմբերի 27-ին, ՀՀ Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Դերասանական բաժինը: Նույն թվականից անցել է աշխատանքի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և մինչև կյանքի վերջը հավատարմորեն ծառայել հարազատ թատրոնին ու հայ արվեստին: Նա իր հասակակից դերասանների հետ նոր շունչ ու թարմություն բերեց թատրոն՝ նոր թափ ու հմայք հաղորդելով ստեղծագործական կազմին ու գործունեությանը: Ռոմանտիկ խառնվածքով ու ըմբոստ հոգով կերպարների դերակատար եղավ Վ. Աբաջյանը՝ կերտելով մի շարք կենտրոնական դերեր՝ Սեյրան (Շիրվանզադեի «Նամուս»), Օսեփ (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Աբելյան (Հարությունյանի «Խաչմերուկ»), Սագադաև (Աբդուլինի «13-րդ նախագահը»), Նեզնամով («Անմեղ մեղավորներ»), Ալեքսանդր («Ժայռ») և այլն:
Վ. Աբաջյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում ասմունքը, որով էլ նա հայտնի է դարձել հայ հանրությանը և մշտապես արժանացել համազգային սիրո և մասնագետների բարձր գնահատականին: Խոսքի մեծ ուժ, առինքնող արտաքին, հպարտ կեցվածք, բառն ու խոսքը երանգավորելու ու իմաստավորելու առանձնահատուկ շնորհ՝ ահա այն ոչ բոլոր գծերը, որ բնորոշում էին սիրված դերասանին ու ստեղծագործողին:
1984 թ. Վ. Աբաջյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը: 1998 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:
Անվանի արվեստագետի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում, ինչպես նաև հայ թատրոնի պատմության էջերում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը