«Մոտ երկու հազար դոլար կարող ես աշխատել, բայց քթերիցդ գալիս է էդ փողը». մերկապարուհի
Հասարակություն
Ստրիպտիզ բառն առաջացել է անգլերեն «strip» բառից, որը հայերեն նշանակում է մերկանալ: Երաժշտության ներքո պարելով՝ աղջիկները մերկացել են դեռ Հին Արևելքում: Իսկ Ասորեստանում և Բաբելոնում սովորույթ կար՝ տաճարում ծառայող քրմերը տոներին պետք է հատուկ էրոտիկ պար ներկայացնեին՝ դանդաղ և գեղեցիկ հանվելով երաժշտության ներքո:
Ստրիպտիզը՝ որպես էրոտիկ պար, հանրային դարձավ XIX դարում: Փարիզցի մի խումբ ուսանողներ 1883 թ. փետրվարի 9-ին «Մուլեն Ռուժի» բեմում առաջին մերկապարը կազմակերպեցին: Գեղեցկության մրցույթի ժամանակ Մոնա անունով մի օրիորդ ամբողջովին մերկացավ, ինչի հետևանքով ձերբակալվեց և տուգանվեց 100 ֆրանկով:
Մեր օրերում մերկապարուհիներին չեն ձերբակալում կամ տուգանում, «տուգանվում» են հաճախորդները, որոնք ցանկանում են ակտիվացնել գիշերային միապաղաղ թվացող ժամանակը:
Այս վտանգավոր բիզնեսը ծաղկում է գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ դժոխքի միջով են անցում մերկապարուհիները: Գիշերային ակումբների շլացուցիչ լույսերի ներքո կախարդական ժպիտներով այցելուներին դիմավորողն իրական կյանքում այնքան էլ ժպտերես չէ:

ՄԱՆԿՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՏ ԱՂՋԻԿԸ
Մեր հերոսուհին արդեն 10 տարուց ավելի է, ինչ աշխատում է գիշերային ակումբում: Երկար-բարակ մտածելուց հետո որոշեց որոշ բաներ պատմել իր մասին:
Անժելան (անունը փոխված է) ասում է, որ դառը մանկությունից դրդված է այսօր աշխատում գիշերային ակումբում, մերկանում յուրաքանչյուր հաճախորդի առաջ:
-Կհավատաք թե չէ, բայց շատ ծանր մանկություն եմ ունեցել: Դեռ մանուկ հասակում ճաշակեցի խորթ հորս դաժանությունն ու մորս կատարյալ անտարբերությունը: Մի քանի անգամ նույնիսկ տնից փախա՝ նրանց ուշադրությունը գրավելու համար, բայց ապարդյուն էր: 9-րդ դասարանում էի, երբ մայրս ինձ վռնդեց տնից, կապվեցի մի երիտասարդի հետ, հավատացի նրան, տրվեցի ու զրկվեցի կուսությունից:
Անժելան ասում է, որ 18 տարեկանից զբաղվել է մարմնավաճառությամբ՝ օրվա հացի խնդիրը լուծելու համար: Այդ ընթացքում իրեն թևութիկունք է տվել հասակակից ընկերուհին, որը կարծես նույն ճակատագրին է արժանացել:
- Մեզ ուղղակի այլ բան չէր մնում անել, քան վաճառել մեր մարմինը: Ես չեմ թաքցնում դա: Հավատա, ես կարծում եմ՝ ավելի բարոյական եմ, քան այսօրվա այն աղջիկները, որոնք իրենց հրեշտակի տեղ են դրել,- ասում է նա:
Անժելայի բախտը մի օր բերում է, ու նա անսպասելի հայտնվում է ստրիպտիզ ակումբում:
- Կլիենտ կար, երկու օր անընդմեջ եկավ: Հետո ստիպեց, որ պատմեմ ամեն ինչ իմ մասին, ես էլ պատմեցի: Հետո ասաց, թե ինձ համար ավելի լավ աշխատանք կարող է գտնել, հարցրեց՝ կցանկանա՞ս ստրիպտիզում աշխատել: Ես այդ ժամանակ անգամ չգիտեի, թե ինչ է ասում: Պատմեց ինձ, թե ինչ պետք է անեմ, ու այդ գիշեր ինձ տարավ երևանյան գիշերային ակումբներից մեկը:
Հաճախորդը լավ էր գիտակցել, որ Անժելան լավ մարմին ունի ու կկարողանա գրավել այցելուներին: Եվ չէր սխալվել: Անժելան մի քանի ամիս «վետերան» մերկապարուհիների մոտ վերապատրաստում է անցնում ու սկսում աշխատել:
- Ես հասկացա, որ ավելի լավ աշխատանք չեմ էլ կարող գտնել: Սկի ատեստատ չունեմ: Ինձ ո՞վ պետք ա աշխատանքի վերցներ: Ու մինչև այսօր աշխատում եմ,- ասում է նա:
Բարի հաճախորդը, որը կարողացավ 180 աստիճանով փոխել Անժելայի կյանքը, այսօր երկրում չէ: Անժելայի պատմելով՝ կլուբը ձեռքից վերցրին:
Անժելան լավ է հիշում այդ հաճախորդին ու խոստովանում.
- Արդեն 3-րդ թե 4-րդ ամիսն էի աշխատում, նոր իմացա, որ գիշերային ակումբի տերը իմ այդ հաճախորդն է: Ինձ ասել էր, թե ընկերոջս ակումբն ա, բարեխոսել եմ… Ես ամենաշատը նրան եմ պարտական:
Մեր այն դիտարկմանը, թե քչերը կարող են նախանձել այդ աշխատանքին, պատասխանում է.
- Գիտես, ես էլ չէի ցանկանա, բայց կյանքս արդեն չեմ կարող փոխել: Երեկվա 18 տարեկանը չեմ, որ ինչ-որ նոր բան ցանկանամ անել: Հայաստանյան ստրիպտիզի կուլտուրան մնացել ա նույնը, ինչ 98 թվին էր. քիչ, շատ քիչ բան ա փոխվել: Մասսան նույնն ա: Փողատեր շփացածներ են, որոնք ցանկանում են իրանց նյարդայնությունը մեր վրա բարդել: Օրինակ՝ մի քանի օր առաջ 30-նն անց տղամարդիկ էին եկել, մեկը ինձ կանչեց, քաշքշեցին, ու մյուս ընկերը պիվայով լիքը շիշը լցրեց մեջքիս: Ճիշտ ա, անվտանգության աշխատողները նրանց պատժեցին ու հեռացրին, բայց էդ ամեն ինչը հո չի՞ վերջանա: Ավելի վատ բաներ էլ կան, չեմ ուզում պատմել:
Հարցինք.
- Չմտածես՝ ուրիշի փողերը հաշվելու սովորություն ունենք, ուղղակի ուզում ենք իմանալ՝ ինչքա՞ն գումար կարող է վաստակել երևանյան գիշերային ակումբի մերկապարուհին:
- Մոտ երկու հազար դոլար ամսական կարող ա աշխատել, բայց քթերիցդ գալիս ա էդ փողը, հավատա: «Պրիվատ» են կանչում, ու ինչ ասես ասում են, հեռախոսահամար են ուզում, բռնաբարությունների փորձեր են անում և այլն: Ամբողջովին մերկ պարելու համար մեր մոտ հստակ գին կա՝ 25000 դրամ մեկ երգը, այսինքն՝ 4-5 րոպեն:
Մեր այն հարցին էլ, թե հիմնականում ովքեր են գիշերային ակումբի հաճախորդները, ասում է.
- Գիտեք, շատ տարբեր են: Տես, էսքան տարի աշխատում եմ, բայց դեռ շատ բաներ իմ համար մութ ա: Օրինակ՝ գիշերը երկուսին կարող ա գան ինտիլիգենտ դեմքով ջահել տղաներ, հանգիստ զվարճանան՝ առանց որևէ մեկին նեղացնելու ու վիրավորելու, ու հնարավոր ա՝ գան չոբաններ, որ իրանց թույլ տան նաև կրակել ակումբում: Ասենք, իրանց ինչ-որ բան դուր չի եկել: Հաճախորդները շատ տարբեր են՝ դպրոցականներից մինչև պապիկներ:
- Անժելա, իսկ մի օր կթողնե՞ս այս աշխատանքը:
- Եթե հարցնեիք մի քանի տարի առաջ, հաստատ կասեի՝ հա՛: Որովհետև շատ դաժան աշխարհ ա սա: Բայց հիմա կասեմ՝ չէ՛: Կաշխատեմ երևի էնքան, ինչքան տարիքս կթողնի: Ծնողներ չունեմ, ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ: Մենակ աղջիկ եմ, ապրում եմ ընկերուհուս հետ ու ուզում եմ վայելել կյանքը: Ուզում եմ մոռանալ իմ անցած դառը ճանապարհը ու շարունակելով մի քիչ փորձել լավ ապրել: Իմ միակ հույսը դա ա,- եզրափակում է Անժելան:
ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՈՒԿՐԱԻՆՈՒՀԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ
Մոտ երեք-չորս տարի առաջ Ուկրաինայից Հայաստան ժամանեց ուկրաինուհի մերկապարուհի Լյուդմիլա Սիդորովան, որը ցանկացավ հայ ու օտարազգի գիշերային ակումբի պարուհիներին մերկապար սովորեցնել: Նախաձեռնությունը հետաքրքիր էր, այնուամենայնիվ, ասում են՝ առաջին փորձերն այնքան էլ հաջող չէին:
- Ի տարբերություն սովորական ստրիպտիզի՝ ստրիպ պլաստիկայի դեպքում, որը նոր ուղղություն է, ավանդական ձողի շուրջ աղջիկները պարում են հագնված,- ասում էր Լյուդմիլան:
Նա հատուկ ընտրել էր հենց այս ուղղությունը՝ հաշվի առնելով հայկական պահպանողական մտածելակերպը: Բայց փորձը ձախողվեց, քանի որ հայերը ցանկանում էին տեսնել մերկ գեղեցկուհիների:
Մենք կփորձենք գտնել Լյուդմիլային ու հարցազրույցը կներկայացնենք «Անկախի» հաջորդ համարներում:
Ավելացնենք, որ առաջին ստրիպտիզ դպրոցը հիմնվել է Ամստերդամում 13 տարի առաջ: Այժմ աշխարհի շատ երկրներում գոյություն ունեն նման դպրոցներ, որտեղ սովորեցնում են մերկապար պարել:

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀԱՃԱԽՈՒՄ ՍՏՐԻՊՏԻԶ ԱԿՈՒՄԲՆԵՐ
Մեր մյուս զրուցակիցը հոգեբանական գիտությունների թեկնածու Արթուր Սարգսյանն է: Հիշում է, որ ժամանակին հետաքրքրվել է ստրիպտիզ ակումբներ հաճախողների հոգեբանությամբ: Առանձնակի խորություն չի տվել նյութին, որովհետև հասկացել է, որ գրեթե բոլոր առողջ տղամարդիկ էլ ցանկություն ունեն երբեմն-երբեմն այցելելու մերկապարի ակումբ:
- Երևի հինգ տարի առաջ էր, մի տղամարդու այս նույն հարցը տվեցի: Երկար մտածելուց հետո ասաց. «Ուշ գիշերին, երբ տանը քեզանից բացի ոչ ոք չկա, միայնությունն անտանելի ա դառնում, իսկ գիշերվա ժամերին քիչ վայրեր կան, ուր կարելի է գնալ ու չձանձրանալ»: Երկու հոգեբանական գիծ կարող եմ առանձնացնել. առաջին խմբում մարդիկ են, որոնք ցանկանում են մերկ մարմին տեսնել, շփվել, իսկ երկրորդ խմբում այն մարդիկ են, որոնց միավորում է միայնությունը, ինչն էլ վերջիններս հաղթահարում են գիշերային ակումբներում՝ մերկապարուհիների գրկում,- ասում է Արթուր Սարգսյանը:
Նյութը՝ ankakh.com-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը