Արամոյի որդու անակնկալը հայրիկին (տեսանյութ)
Հասարակություն
Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի որդին՝ Ավետիք Գեւորգյանը, իր ռեփ կատարումով նոր շունչ է հաղորդել հայրիկի «Իմ օրագիրը» երգին: BRAVO.am-ի հետ զրույցում երիտասարդ ջութակահարը, որն ուսանելու նպատակով բնակվում է Գերմանիայում, նշել է՝ երկար ժամանակ է, ինչ տեքստեր է գրում, բայց սա առաջին դեպքն է, երբ որոշել է հանրության դատին հանձնել իր աշխատանքը:
«Ընտրել եմ «Իմ օրագիրը», քանի որ այս երգի հետ կապված հիշողություններ ունեմ. ավելի քան տասը տարի առաջ մասնակցություն եմ ունեցել դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակում: Այսօր էլ ուղղակի ցանկացել եմ նոր շունչ հաղորդել չհնացած, բայց մոռացված երգին»,- պատմել է Ավոն:
Նրա փոխանցմամբ՝ Արամոն եւ Էմման տեղյակ չեն եղել խոսքերը գրելու ընթացքից ու ձայնագրման աշխատանքներից. «Կարծում եմ՝ ինձ հաջողվել է ծնողներիս լավ անակնկալ մատուցել»:
Ավոն խոստովանել է, որ իրենից երկար ժամանակ է պահանջվել «Իմ օրագրի» նորացման համար. «Մայրս այնքան լավ է գրել խոսքերը, հայրս էլ՝ երաժշտությունը, եւ կատարումն էլ հայրիկիս կողմից այնքան լիարժեք է, որ, իսկապես, շատ դժվար էր երգին նոր մի բան ավելացնել: Բայց ուրախ եմ, որ մինչ օրս, ով լսել ու կարծիք է հայտնել, դժգոհ չի եղել: Ճիշտ է' չեն ասել' փառահեղ է, բայց չեն էլ ասել՝ վատ է»:
BRAVO.am-ը զրուցել է նաեւ Արամոյի հետ: Երգիչն ասել է, թե իրեն զարմացրել է այն, որ իր որդին կարողանում է ռեփ ոճում ստեղծագործել. «Ինձ շատ են դուր գալիս Ավոյի մտքերը: Դրանք շատ խորն են ու, կարծում եմ՝ շատ ճիշտ շարադրված»:
Հետաքրքրվել ենք նաեւ, թե արդյոք Արամոն իր որդու անակնկալից հետո միտք չունի իր երգերը նորացնել ու կրկին մատուցել հանրության ուշադրությանը. «Բազմաթիվ նոր երգեր կան, որոնք պետք է լույս աշխարհ գան: Ես դա չեմ անի, բայց եթե տղաս ցանկանա երգերս նորովի մատուցել, դեմ չեմ լինի»:
Այս առիթով Ավոն նշել է, որ ոչ միայն պատրաստվում է ծնողների երգերը նորովի մատուցել, այլեւ նոր ռեփ ստեղծագործություններ կներկայացնի արդեն իսկ կայացած ռեփ կատարողների հետ համատեղ:
Ի դեպ, Ավետիք Գեւորգյանը 14 տարի է՝ ջութակ է նվագում, այժմ էլ սովորում է Գերմանիայի Էսսեն քաղաքի Արվեստի բարձրագույն ակադեմիայի ջութակի բաժնում ու վստահեցնում է, որ ռեփով ապրում է, իսկ դասական երաժշտությամբ՝ շնչում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը