Այցելություն «Լայթհաուս» կենտրոն
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում կանանց իրավունքների խախտման դեպքերը, փորձում է իր լիազորությունների շրջանակներում արդյունավետ լուծումներ գտնել: Այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմը համագործակցում է մի քանի կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են բռնության ենթարկված կանանց խնդիրներով:
Այդպիսի գործընկեր-կենտրոններից մեկը «Լայթհաուս» հայ-ամերիկյան բարեգործական հիմնադրամն է, որի հետ Պաշտպանի աշխատակազմը աշխատում է շուրջ մեկ տարի: Պաշտպանի աջակցությանը դիմած կանայք, ովքեր ենթարկվել են հոգեբանական և ֆիզիկական բռնության, Պաշտպանի աշխատակազմի միջնորդությամբ հաճախ են իրենց ապաստանը գտել «Լայթհաուս-Փարոս» կենտրոնում:
Անցյալ շաբաթ Պաշտպանի աշխատակազմի կանանց իրավապաշտպան Աննա Սաֆարյանի հետ այցելություն էինք կազմակերպել Վաղարշապատի ճանապարհին գտնվող «Լայթհաուս» կենտրոն, որտեղ գտնվում են մեզ դիմած կանանցից մի քանիսը: Լայթհաուսի տնօրեն Նաիրա Մուրադյանը մեծ սիրով դիմավորեց մեզ և, քանի որ առաջին անգամն էինք գտնվում կենտրոնում, մանրամասն ներկայացրեց ողջ հաստատությունը:
Երկհարկանի ապաստարանը հագեցած էր կնոջ և երեխայի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ մեծ դահլիճ, որտեղ շաբաթը մեկ անգամ կանայք անցնում են Սուրբ գրքի ուսումնասիրություն, ճաշարան, խոհանոց, խաղասենյակ, գինեկոլոգիական և ստոմոտոլոգիական կաբինետներ, որտեղ պարբերաբար զննություն են անցնում կենտրոնում գտնվող կանայք:
Կանանց ամենօրյա զբաղմունքն ապահովելու համար կենտրոնը մշակել է ծրագիր, որի շնորհիվ կանայք սովորում են կար ու ձև, մատնահարդարում, վարսահարդարում, համակարգչային հմտություններ: Կենտրոնն ունի նաև հոգեբան, ով մշտապես աշխատում է բռնության ենթարկված կանանց հետ:
Այս պահին ապաստարանում բնակվում են 11 կին, որոնցից երկուսը հղի են, իսկ մյուսներն էլ մեկ կամ երկու երեխաների հետ են: Զրուցեցինք նաև կանանց հետ. նրանց հայացքների մեջ թեև նկատելի էր թախիծն ու տխրությունը, սակայն նրանք մի բան հաստատ լավ էին գիտակցում՝ այս ապաստարանում իրենք և իրենց մանկահասակ երեխաները ապահով են ամեն տեսակ բռնություններից և դաժան վերաբերմունքից:
Հրաժեշտ տալով կացարանում ապրող կանանց և անձնակազմին՝ տիկին Նաիրայի և հոգեբանի հետ ուղևորվեցինք «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մեկ շաբաթ է արդեն պառկած է Պաշտպանի միջնորդությամբ Լայթհաուս-ում բնակվող հղի կանանցից մեկը:
Մեզ հարազատի պես ընդունած 21-ամյա կինը, ով դեռ մանկուց սկսած տարբեր տեսակի բռնությունների ու շահագործման էր ենթարկվել, անչափ ուրախացավ ու սկսեց արագ-արագ պատմել. «Մայրս էսօր եկել էր, իմ համար չէր եկել, քրոջս էր բերել բժշկի, 2 րոպե էլ չմնաց, չգրկեց, չհամբուրեց, մենակ ասեց բժշկի հետ կխոսեմ ու գնաց: Ոչ-ոք ինձ պետք չի: Մենակ մի բան եմ ուզում կյանքում, որ իմ բալիկը առողջ ծնվի, ու նա իմ համար կդառնա և մայր, և հայր, և քույր և եղբայր… ամեն ինչ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը