Մշտադիտարկում ՔԿՀ-ում
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանը՝ հանդիսանալով «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ, պարբերաբար մշտադիտարկումներ է իրականացնում ազատազրկման և սահմանափակ ազատազրկման վայրերում, այդ թվում նաև քրեակատարողական հիմնարկներում:
Հունվարի 24-ին հերթական մշտադիտարկման շրջանակներում Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցները և Պաշտպանին առընթեր ստեղծված Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից ստեղծված աշխատանքային խումբը այցելել էին «էրեբունի» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ:«էրեբունի» ՔԿՀ-ում, ի թիվս այլ խնդիրների, ուշադրության կենտրոնում էին գտնվում հիմնարկի աշխատակիցների խնդիրները:
Այս պահին քրեակատարողական հիմնարկում կան 15-ից ավել թափուր հաստիքներ, որոնց հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն ու աշխատանքի ծանրաբեռնվածությունն է, ինչի պատճառով դժվար է գտնել համապատասխան պատրաստվածության աշխատողներ: 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակիցները ապահովված չեն նաև համապատասխան սննդի ընդունման վայրով /ճաշարանով/ և սննդով: Բացի այդ հիմնարկի աշխատակիցները մինչ օրս օգտվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող պոլիկլինիկայից, որտեղ, նրանց հավաստմամբ, պատշաճ բժշկական սպասարկում չի ապահովվում:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային խումբն արձանագրել էր նույն խնդիրները: 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակցի համար նույնիսկ նախատեսված չէ սանհանգույց, և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստիպված են լինում օգտվել ՔԿՀ-ի պատժախցերի կամ կարանտինային խցերի սանհանգույցներից, երբ այնտեղ պահվող ազատազրկվածներ չեն լինում:
Այս խնդիրները հաշվի առնելով, հարկ ենք համարում նշել նաև, որ աշխատակիցների աշխատանքային վատ պայմանները չեն կարող նպաստել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց նկատմամբ լավ վերաբերմունքի դրսևորմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը