Գոհար Հարությունյան. Հայաստանում անտեսվեց իմ հաղթանակը
Հասարակություն
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Mrs. Globe 2009» մրցույթների հաղթող Գոհար Հարությունյանը, ով վերջերս երրորդ անգամ մայրացել է, ՄԱՄՈՒԼ.am-ի հետ զրույցում ասաց, որ փոքրիկ Մենուան սկսում է սովորել աշխարհին:
- Ավագ քույրերն ինչպե՞ս դիմավորեցին նորածին եղբորը:
- Անկեղծ ասած, ես նախապես նվերներ էի պատրաստել նրանց համար եղբոր կողմից, բայց տուն գալուն պես նրանք տարվեցին նվերներով ու չնկատեցին փոքրիկին: Իսկ հիմա անընդհատ պտտվում են շուրջս, հետաքրքրվում են՝ եղբայրը լեզու, ատամ ունի, թե ոչ:
- Երեխայի խնամքի հարցերում օգնո՞ւմ են:
- Ոչ, անկեղծ ասած, ավելի շատ խանգարում են, քանի որ իրենք էլ են փոքր: Ինձ հիմնականում մայրս է օգնում ու տան աշխատողը:
- Տարիներ շարունակ համարվում եք գեղեցկության խորհրդանիշ, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում պահպանել գեղեցկությունը:
- Պատկերացրեք, ոչինչ չեմ անում, հակառակը, քիչ ժամանակ եմ ինձ տրամադրում: Եթե դա իրականություն է, ապա գուցե գեներն են դեր խաղում: Թեև ես ուրիշներին եմ միշտ հորդորում, բայց ես էլ հայ կնոջ նման ինձ ամենաքիչ ուշադրությունն եմ դարձնում:
- Երկար ժամանակ ապրել եք ԱՄՆ-ում, սովորել ու աշխատել եք. ի՞նչ տվեցին այդ տարիները Ձեզ:
- Երբ 1999թ. «Միսս ԱՊՀ» մրցույթում հաղթեցի, եկա Հայաստան, այստեղ շատ վատ պայմաններ էին, բոլորն ասում էին՝ «Ինչի՞ համար է պետք քո հաղթանակը»: Բայց, այնուամենայնիվ, ես որոշեցի փորձել իմ գեղեցկությունն ու ստացվեց այն, ինչ ստացվեց:
Գիտեք՝ մոդելային բնագավառում հաջողության է հասնում նա, ով սիրում է այդ գործը, իսկ ես չէի սիրում, դա իմը չէր: Ես ընդամենը բեմն էի սիրում, ոչ թե այդ ասպարեզը: Երբ պետք էր շփումներ հաստատել բոլորի հետ, ես չէի կարողանում, դա ինձ խորթ էր, քանի որ շատ պահպանողական մարդ եմ:
- Կա՞ն նորաձևության տներ, որոնց հետ միշտ ցանկացել եք համագործակցել:
- Ես աշխատում էի մի նորաձևության կենտրոնում, որը երրորդն էր միջազգային առումով: Բայց ես չէի ուզում ժամանակս վատնել միայն մոդել աշխատելով: Գործակալություններ շատ են եղել, բայց ես մեծ բավականություն չեմ ստացել այդպիսի աշխատանքից: Բայց հետաքրքիր պահեր, այնուամենայնիվ, եղել են այդ աշխատանքում:
- Իսկ Ձեր մասնագիտությամբ աշխատելու ցանկություն երբևէ չե՞ք ունեցել:
- Ուսումս ավարտելուց հետո երբ վերադարձա Հայաստան, մեկ տարի հետո ամուսնացա: Ու քանի որ մեր տանն ավելի հաջողակ բիզնեսմեն կա, իմ աշխատանքի կարիքն այլևս չկար:
- Հետագայում, եթե աշխատելու լինեք, ինչո՞վ կցանկանաք զբաղվել:
- Երևի հեռուստատեսային ինչ-որ նախագիծ կվարեմ:
- Հայաստանում գեղեցկության մրցույթներ կարծես վաղուց չեն կազմակերպվում. ի՞նչն է պատճառը:
- Գիտեք, եթե մինչև հիմա մրցույթը կազմակերպեր Արա Երնջակյանը, այն բավականին ծաղկուն վիճակում կլիներ: Նա շատ լավ հարաբերություններ էր հաստատել միջազգային կազմկոմիտեների հետ: Իսկ այսօր Կարեն Արիստակեսյանն արժեզրկել է այդ մրցույթը: Երևի հիշում եք, թե ինչ եղավ վերջին անգամ: Գեղեցկության մրցույթներում միշտ եղել են նման բաներ, սակայն դա չէր լուսաբանվում: Դա շատ մեծ բացթողում էր:
Երբ ես 2009թ. հաղթեցի «Mrs Globe» մրցույթում, դա իրականում շատ մեծ իրադարձություն էր, սակայն ոչ ոք դրան չանդրադարձավ, ինչը շատ վիրավորական էր ինձ համար: Ի վերջո՝ դա ավելի շատ Հայաստանի համար էր: Իմ հաղթանակից մի տարի անց հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչն ու իրենց երկրում մեծ աղմուկ բարձրացավ, բայց Հայաստանում անտեսվեց իմ հաղթանակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը