Իմ հայրենիքը դու ես. կգաս, կապրենք մեր երջանկությունը
Հասարակություն
Ողջույն իմ զինվոր: Ինչպե՞ս ես:
Այսօր մեր բանակի 21-ամյակն է: Շնորհավորում եմ քեզ: Ուրախ եմ, որ դու ծառայում ես հայոց բանակում, ուրախ եմ, որ քո շնորհիվ այսօր մենք մեզ պաշտպանված ենք զգում: Սիրելի՛ս, հաճախ կարոտը խեղդում է ինձ, բայց երբ մտածում եմ, որ դու իմ ու քո հայրենիքի պարտքն ես տալիս, ուզում եմ՝ ծառայես, լինես ուժեղ, չէ՞ որ քո և քո ընկերների ուժով է չափվում մեր երկրի հզորությունը: Թե մի բան լինի, սիրտդ հանկարծ նեղվի, միշտ հիշի՛ր՝ կողքիդ եմ յուրաքանչյուր պահ, ապրում եմ քո յուրաքանչյուր դժվարությունը, անգամ զգում եմ քո քաղցը:
Սիրելի՛ս, երբեք չընկճվես, իմ հայրենիքը դու ես, ընկճված հայրենիք չեմ ուզում: Կգամ… կգամ քեզ տեսակցելու... կարոտել եմ… գիտեմ նաև, որ դու էլ ինձ ես կարոտել:
Գիտե՞ս նորից հիշել եմ մեր սիրած այգու այն փոքրիկ անկյունը, որտեղ հանդիպում էինք, ու դու ասում էիր, թե ինչքան շատ ես սիրում ինձ, կարոտում եմ միասին անցկացրած մեր յուրաքանչյուր օրը, պահերը, վայրկյանները, երբ գրկում էիր ինձ ու ասում, որ երբեք բաց չես թողնի:
Երեկ հանդիպեցի մայրիկիդ, գիտե՞ս, մենք քեզ համար մեծ, շաաաաաա՜տ մեծ անակնկալ ունենք: Կգաս ու կտեսնես, կգաս, կապրենք մեր երջանկությունը:
Սիրելի՛ս, սպասում եմ քեզ ամեն վայրկյան: Հաշվում եմ յուրաքանչյուր վայրկյանը: Խնդրում եմ՝ մի պահ անգամ ինձ չջնջես քո ուղեղից, միշտ հիշի՛ր, ես կամ ու կմնամ քո սիրելին:
Սպասում եմ ու համբուրում, ամուր-ամուր գրկում ու նորից շշնջում՝ ես քոնն եմ, ես սիրում եմ քեզ, շնչում եմ քեզ, ապրում քեզանով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը