Իվետա Մուկուչյան. «Տղամարդուց պետք է իսկական տղամարդու հոտ գա»
Հասարակություն
Իվետա Մուկուչյանը խոստացել էր իր ակումբային առաջին մենահամերգն անցկացնել «տնական» միջավայրում. հունվարի 26-ին երգչուհին «Վիտամին» ակումբում «Imagine» բենդի երաժիշտների կենդանի նվագակցությամբ երկու ժամ շարունակ երգել է, շփվել հանդիսատեսի հետ, իր մտորումներով կիսվել եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:
Նա կատարել է անգլալեզու երգեր. բացի փանկ, ջազ քավերներից, ներկայացրել է իր հեղինակային երգերը, որոնք հանդիսատեսն առաջին անգամ է ունկնդրել: Օրինակ' “Running Away” երգը նա գրել է պատանի հասակում, երբ սիրահարված է եղել. «Կարծես թե, այդ տղան իմ առաջին սերն էր, մինչեւ հիմա շփվում ենք: Այս երգը մաքուր սիրո մասին է, շնորհակալ եմ նրան, որ տվել է այդ մանկական սերը»:
Նա առաջին զուգերգը կատարել է Սուրեն Առուստամյանի հետ եւ հիշել, որ «Հայ սուպերսթար 4» նախագիծը, որտեղից սկսել է իր երաժշտական ուղին, իրեն լավ ընկերներ է տվել` հանձինս Սուրենի եւ Հայկ Պետրոսյանի. «Մենք միասին բարդ ճանապարհ ենք անցել, իրար ավելի լավ ճանաչել: Երբ մասնակցում էի այս նախագծին, ասում էին, որ գեղեցիկ ոտքեր ունեմ, բայց լավ չեմ երգում: Ես աշխատեցի ինձ վրա, աճեցի, եւ հիմա դուք եկել եք իմ առաջին մենահամերգին»:
"9 point man" երգը կատարելուց առաջ Իվետան դիմել է դահլիճում ներկա կանանց' խնդրելով թվարկել այն հատկանիշները, որոնք պետք է ունենա տղամարդը: Մայրիկի օգնությամբ նա բառերն արտաբերել է իրեն անծանոթ ռուսերենով:).«Բարություն, հումորի զգացում, հավատարմություն... Այս կետերը կան երգիս մեջ, բայց կարեւորը, տղամարդուց պետք է իսկական տղամարդու հոտ գա:)»:
Գերմանիայում բնակված երգչուհին հիշել է, որ չորս տարի առաջ ծնողների հորդորով վերադարձել է հայրենիք, սկսել երգչուհու իր կարիերան. «Ծնողներս են դրդել, որ տեղափոխվեմ: Ընդհանրապես չեմ փոշմանում այս քայլիս համար: Ես ամուր կանգնած եմ բեմի վրա, գնահատված եմ իմ հայրենիքում ու շատ հպարտ եմ այս ամենի համար»:
Ակումբային համերգի հաջորդ դուետը Արամ MP3-ի հետ էր: Ի դեպ, հումորիստ-երգիչը զուգերգից բացի, նաեւ իր ռոքնռոլային կատարումն է նվիրել հանդիսատեսին. ««Սուպեր սթար»-ի ժամանակ մի անգամ մամայի հետ նստած էինք «Շանթ»-ի խոհանոցում: Արամին տեսնելով` մամայիս ասացի` էս տղայի հետ մի օր դուետ եմ երգելու: Ահա այսօր իմ ասածն իրականություն դարձավ, հասա ուզածիս:)»,-նշել է երգչուհին, Արամ MP3-ն էլ նրան մաղթել է այնքան շատ համերգներ, որ առաջինի մասին չհիշի:
Իվետա Մուկուչյանը վերջին` "Wish I Didn't Miss You" երգը կատարելիս հանդիսատեսին առաջարկել է ոտքի կանգնել, շարժվել ու պարել, իսկ համերգի ավարտին լուսանկարվել է հյուրերի եւ երկրպագուների հետ:
Նյութը՝ bravo.am-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը