Հայտնիներն` իրենց անունների մասին
Հասարակություն
Լիլի Էլբակյան
Լիլին խոստովանեց, որ փոքր ժամանակ այնքան է սիրել Գոռ անունը, որ բոլոր տիկնիկներին Գոռ է անվանել: «Փոքր հասակում ես տարբեր անուններ ունեի, բայց ինձ ամենաշատը Լիլի է դուր գալիս: Մայրս ինձ Լիկա է ասում, ու շատերն ինձ այդպես էլ ճանաչում են: Լիլին կամ, կարծեմ, Լիլիթը հունարեն լուսին է նշանակում: Քեռիս էլ միշտ Շուշան է ասել՝ լիլիա ծաղկի իմաստով: Իմ անունն ինձ համար կա´մ շուշանի նման սպիտակ է, կա´մ դեղին: Ընդհանրապես հունական անուններ շատ եմ սիրում, նաև Աննա և «Է»ով սկսվող բոլոր անուններն եմ սիրում: Կարծում եմ՝ անունը շատ բան է ասում տիրոջ մասին: Ենթագիտակցորեն դա ազդում է նաև ինձ վրա: Իզուր չէ, որ ռուս դասական գրողներն իրենց հերոսներին շատ ծիծաղելի, բայց նրանց բնավորությունը բացահայտող անուններ են տվել»,- ասաց Լիլին:
Չգիտեմ, Լիլին տեղյակ էր, թե ոչ, բայց իր անունն իրոք նշանակում է սպիտակադեմ:
Իռեն Ուլիխանովա
Իռենը խոստովանեց, որ երբեք չի հետաքրքրվել, թե ինչ է նշանակում իր անունը, որովհետև անուններին ուշադրություն այնքան էլ չի դարձնում: «Իմ անունը ֆրանսիական է. ծնողներս Իռեն անունով մի գեղեցիկ աղջկա են հանդիպել և որոշել աղջիկ ունենալու դեպքում այդպես կոչել: Իմ անունը շատ եմ սիրում ու ինձ ուրիշ անունով չեմ պատկերացնում: Ու թեև այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում, բայց նկատել եմ, որ նույն անունով մարդիկ նման են իրար: Սիրում եմ Սոֆի, Հայկ, Դավիթ, Արամ, Արթուր, արդեն նաև Աշոտ անունները (նկատի ունի որդու անունը)»,- ասաց պարուհին:
Իռեն ջան, եթե փորձեիր էլ պարզել, թե ինչ է նշանակում անունդ, դժվար թե գտնեիր կամ էլ պիտի ընդունեիր, որ այն Իրինա անվան եվրոպական տարբերակն է և նշանակում է խաղաղասեր: Հին հունական դիցարանում Իրինան եղել է խաղաղ կյանքի աստվածուհին:
Լեյլա Սարիբեկյան
Այս անունը հաստատ հայկական շոու-բիզնեսի ամենահետաքրքիր անունների եռյակում է:
«Կարող է թվալ, որ իմ անունն արաբական ծագում ունի, սակայն ես այն զուտ հայկական եմ համարում: Մի ազգագրագետ իմ անունը բառակազմորեն վերլուծեց և ասաց, որ այն շատ հին արմատներ ունի: Այն կազմված է սիրո խորհրդանիշ և Հիսուս Քրիստոս արմատներից, և նշանակում է Սուրբ երրորդություն: Այն ընտրել է մայրս՝ ի պատիվ Թիֆլիսի հայտնի դերասանուհի-երգչուհի Լեյլա Աբաշիձեի: Կարծում եմ՝ Լեյլան շատ ավելի հին արմատներ ունի և հնագույն լեզուներից հենց հայերենին է պատկանում»,- նշեց երգչուհին՝ ասելով, որ իր անունը մուգ թավշի հետ է ասոցացնում:
Տեղեկացնենք, որ Լեյլան հնագույն անուններից է և ունի եբրայական ծագում, որը նշանակում է գիշերային կամ շուշան:
Հրաչուհի Ութմազյան
Հրաչուհին նշեց, որ թեև իր անունը շատ է սիրում, բայց աղջիկների անուններ ընդհանրապես այնքան էլ չի սիրում: «Ինձ տատիկիս՝ Հրաչուհի Ջինանյանի պատվին են Հրաչուհի անվանել: Շատ սիրում եմ անունս, այն նշանակում է հուր աչքեր ունեցող: Դրանից է միգուցե, որ իմ անունը միշտ կարմիր եմ պատկերացնում: Իսկ տղաների անուններից ամենաշատը Նարեկ անունն եմ սիրում և կարծում եմ, որ մարդու բնավորության վրա անունը մեծ ազդեցություն է թողնում»,- ասում է նա:
Նյութը՝ esyes.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը