Քննում ենք Սիրուշոյի և Լևոնի, Հայկոյի և Անահիտի ու այլոց հարսանեկան կերպարները
Հասարակություն
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում շատացել են ամուսնությունների թիվը նաև հայտնիների շրջանում, որոշեցինք առիթն օգտագործել ու այս անգամ էլ ոճային քննության ենթարկել հայտնի հարս ու փեսաներին: Դե ինչ, հետևենք դիզայներ-ոճաբան, խնջույքների կազմակերպիչ Գեորգի Հարությունյանի «արձանագրություններին»:
Իսկ մինչ այդ՝ ներկայացնենք քեզ գուցե անծանոթ դիզայներ Գեորգիին:
Ինչպես Թբիլիսիից Երևան տեղափոխված Գեորգի Հարությունյանն է նշում՝ դիզայնով զբաղվելը սկզբում իր համար հոբբի էր, այնուհետև նա շարունակել է զարգացնել այն՝ չնայած մասնագիտական կրթություն այդպես էլ չի ստացել: Հայաստան տեղափոխվելուց հետո մասնագիտությամբ ատամնաբույժը իր սեփական բիզնեսն է սկսել՝ ֆլորիստ Նաիրա Մանուկյանի հետ բացելով «Ոսկե ձեռքեր» խանութը, որը գործել է մոտ մեկուկես տարի: Այնուհետև Գեորգին առաջարկ է ստացել «Բելաջիո» դիզայն-ստուդիոյի կողմից և արդեն վեց տարի է՝ այդ ստուդիայի արտ-տնօրենն է: Գեորգին այժմ նաև ղեկավարում է ժամանցի համալիրներից մեկը՝ շոու-ծրագրերից մինչև մատուցումը:
Ոճաբանի խոսքերով՝ անցած տարի շատ նորաձև էին ժանյակով ձեռքի աշխատանքներով հարսանեկան հագուստները, որ դեռ երկար կպահպանվի: «Այժմ մինիմալիզմն է շատ մոդայիկ, այսինքն՝ շատ գեղեցիկու թանկարժեք կտորով, դարսերով նստեցրած հագուստները: Իսկ տղայի հագուստը կարող է լինել մուգ մոխրագույն կամ կապույտ, բայց օձիքը պետք է լինի, ասենք, սպիտակ եզրագծերով, կամ փողկապը կարող է թեք կապված լինել»,- ասաց Գեորգին:
Հայկո և Անահիտ Սիմոնյան
Շատ լավ ու հետաքրքիր զգեստ է, երևում է, որ մեծ աշխատանք է կատարվել. հետաքրքիր է հատկապես այն, որ ամբողջ զգեստը պատրաստված է տարբեր ուղղությամբ դարսերով: Մազերը շատ հետաքրքիր են հավաքել: Նաև շատ գեղեցիկ է, երբ քողը վերևից ընկնում է դեմքին: Կարմիր փունջը հուշող ինչ-որ բան է, քանի որ ամբողջ դահլիճը ձևավորված է եղել կարմիր ծաղիկներով: Հարսի կերպարում ամեն ինչ համապատասխան է՝ մազերի ժապավենը, հագուստը, դիմահարդարումը: Կորսետը մի քիչ լավ չի «նստած». շատ լավ ձև է ընտրված, որի պատրաստումը, սակայն, շատ դժվար է:
Հայկոյին էլ համապատասխան կերպար է՝ թե՛ փողկապը, թե՛ թաշկինակի գույնը: Հավանում եմ, կերպարները լավն են: Ես կողմ չեմ, որ սև են հագնում, բայց, հաշվի առնելով Հայկոյի հասակը (երբ ցածրահասակ են լինում, չի թույլատրվում տարբեր գույների տաբատ ու բաճկոն հագնել), նա պետք է հենց սև հագներ:
Սուրեն և Յանա
Փեսայի բաճկոնը լավն է, բայց կրծքի ծաղիկը սպիտակ է, իսկ մնացածը՝ ոսկեգույն: Նաև երևում է, որ ժիլետը վատ կտորից է պատրաստված:
Այս զույգը արտաքնապես շատ համապատասխան է: Սակայն հարսի զգեստում շատ վրիպումներ, սխալներ կան: Մարգարտյա վզնոցը չի համապատասխանում հագուստին, իսկ դիմահարդարումը, կարծում եմ, հարսանեկան չէ. ծաղկեփունջը ևս չի համապատասխանում ընդհանուր կերպարին: Իրենք շատ «էքստրավագանտ» զույգ են և կարող էին շատ ավելի լավ կերպարով հանդես գալ: Ես հարսին կպատկերացնեի շատ մեծ սպիտակ գլխարկով, կարճ զգեստով, ուսին՝ շատ մեծ վարդ, փեսան՝ նույնպես ամբողջությամբ սպիտակ հագնված:

Արմենչիկ և Լուսինե
Փեսայի պիջակը նույնպես համապատասխան է հարսի կերպարին: Զարդերը ևս ճիշտ են ընտրված. Արմենչիկի թևին սպիտակ ոսկուց ապարանջան է, աղջկա պարանոցին՝ այդպիսի վզնոց: Իսկական ամերիկյան հարսանիք է:
Ամեն ինչ շատ գեղեցիկ է՝ թե՛ զգեստը, թե՛ ծաղկեփունջը, թե՛ հարսի կերպարը: Ամեն ինչ համապատասխան է: Երևում է, որ շատ լավ են աշխատել, նախապատրաստվել: Ոչ մի թերացում չկա, նույնիսկ հարսի կորսետն է լավ «նստած» :
Սիրուշո և Լևոն Քոչարյան
Փեսայի կրծքի ծաղիկը, փողկապը, ժիլետը, կոշիկները շատ համապատասխան են: Կոստյումը շատ լավ է «նստած»։
Շատ շքեղ զգեստ է. երևում է, որ շատ թանկարժեք ժանյակներով է պատրաստված: Այն շատ լավ է «նստած» երգչուհու վրա: Ընտրված նուրբ վզնոցը շատ համապատասխան է զգեստին: Սանրվածքը կիսահունական է, ինչը համապատասխանում է հագուստին:

Քնարիկ Զաքարյան և Կարեն Առուստամյան
Կցանկանայի, որ տղան կապույտ թաշկինակ դներ գրպանում կամ փողկապը և թաշկինակը լինեին վարդագույն:
Հարսի կերպարում ամեն ինչ լավ է, բացի դիմահարդարումից, ինչը հարսանեկան չէ, չի համապատասխանում ընդհանուր կերպարին. մնացած ամեն ինչի հետ համաձայն եմ: Քնարիկը լավ կառուցվածք ունի, և ամեն ինչ շատ գեղեցիկ է «նստած»: Մազերը հավաքված են, լավ է:
Արսեն Գրիգորյան և Ջուլիետա
Փեսայի կոստյումը և փողկապը ընտիր են: Ընդհանրապես Արսենը մեր շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով մշտապես բեմումկոստյումով է և շատ լավ կոստյումով:
Կարծում եմ՝ ծաղկեփունջը շատ գեղեցիկ, միաժամանակ շատ մեծ և անհարմար է, դրա համար էլ Արսենն է բռնել: Հարսի զգեստը շատ լավն է, լավ կտորից է կարված: Միայն վզնոցը չի համապատասխանում ընդհանուր կերպարին: Ավելի լավ կլիներ, եթե մազերը մի քիչ հավաքված լինեին: Կոշիկները նույնպես համապատասխան են, սակայն կարծում եմ, դրանք պետք է փակ լինեին:

Արմենուհի Ավետիսյան և Արթուր Սուքիասյան
Հարսի զգեստը հետաքրքիր է, սակայն ամեն ինչ դարձյալ շատ է՝ վզնոցը, դիմահարդարումը. ծաղկեփունջը վատը չէ: Մազերը դարձյալ հավաքված չեն, բայց, հնարավոր է, Արմենուհին այն համապատասխանեցրել է իր դեմքին: Երկուսն էլ շատ հավաքված կերպարներ են, սակայն որպես հարսանեկան կերպարներ՝ համապատասխան չեն:
Տղայի հագուստը ընդհանրապես հարսանեկան չէ. այն պատրաստված է բեմի համար: Լավ է, որ նա համարձակ քայլ է արել՝ ընտրելով այս գույնը, բայց հարսանեկան չեն ո´չ կոստյումը, ո´չ կոշիկները:
Լիկա Էլբակյան և Համո
Հետաքրքիր կերպար ունի հարսը. ողջ կերպարի մեջ քողն է շատ լավը, որովհետև այն ավարտվում է ատլասի կտորով: Ձեռնոցներն այժմ նույնպես նորաձև են, սակայն ես շղարշից ձեռնոցներ կհագցնեի և ոչ այսպիսի՝ արևելյան ոճի կիսատ ձեռնոցներ:
Փեսայի կրծքի ծաղիկն արդեն վաղուց նորաձև չէ. ավելի լավ կլիներ այն հարսի ձեռքի ծաղկի գույնիլիներ: Փեսայի կոստյումը կարծես մի փոքր մեծ է:
Լիլիթ Հովհաննիսյան և Վահրամ Պետրոսյան
Լիլիթի զգեստը շատ թանկարժեք կտորներից է կարված: Գլխարկն ի սկզբանե ֆիգարո էր, որը հարմարեցրել, դարձրել ենք գլխարկ: Լիլիթի զգեստը պատրաստելու համար հարսի երկու զգեստ ենք օգտագործել, որոնցից ստացել ենք Լիլիթինը, քանի որ այդպիսի կտորներ Հայաստանում չկան:
Վահրամն ավելի ազատ ոճ է ընտրել: Նրա համար սպիտակ ցիլինդր էի ընտրել, որը Վահրամը մոռացավ և միայն շոուի ժամանակ կարողացավ դնել: Վահրամն իր կոշիկներին համապատասխան գուլպաներ չգտնելու պատճառով որոշել էր այն հագնել առանց գուլպայի, սակայն դա նորաձևության հետ ոչ մի կապ չունի:
Գոռ և Մերի
Փեսան լուսանկարում առանց փողկապի է, ցանկալի է, որ փողկապով կամ «բաբոչկայով» լիներ: Փեսայի կրծքի ծաղիկը լավն է, իսկ վերնաշապիկն ընդհանրապես հարսանեկան չէ. գծավոր վերնաշապիկ է, որը կարծես ամենօրյա լինի: Այնպիսի տպավորություն է, որ նա առավոտյան ծրագիր վարելու համար է այսպես հագնվել:
Հարսի մազերին չանդրադառնամ.այս դեպքում ևս պետք է հավաքված լիներ: Հարսի պայուսակի գույնը տարբերվում է զգեստի գույնից. լավ կլիներ, որ դրանք միագույն լինեին: Դիմահարդարումը նույնպես լավ է, միայն ականջօղերը չեն համապատասխանում վզնոցին:

Զառա և Դավիթ
Փեսայի փողկապի գույնը համապատասխան է հարսի ականջօղերի գույնին: Փեսայի կերպարում ամեն ինչ լավ է, բացի կոշիկներից: Կարծում եմ՝ նա պետք է սպիտակ բոթասներ հագներ՝ մանուշակագույն քուղերով:
Իրենցից այլ բան չէի էլ կարող սպասել: Ամեն ինչ լավ է, բացի ձեռնոցներից: Հարսի գլխարկը, քողը, կարճ զգեստը համապատասխան են միմյանց: Նրանք հումորով են, ում հարսանիքը հենց այդպիսին էլ պետք է լիներ:
Նորո և Արմինե
Ընդհանուր կերպարի մեջ միայն Նորոյի կոստյումն է լավը: Լավ է, որ փեսան հենց «բաբոչկա» է ընտրել: Փեսայի կրծքի ծաղիկը օրխիդեա է, իսկ հարսի փունջը վարդերից է. նույնիսկ դրանք համապատասխան չեն:
Հարսի զգեստն ընդհանրապես իմ ճաշակով չէ: Շատ ծանրաբեռնված կերպար է: Ամեն ինչ շատ-շատ է. քարեր շորի վրա, քարերով վզնոց, քարիկներ՝ մազերի վրա, թևնոց, ականջօղ:
Գոհար Հարությունյան և Մնացական
Զգեստը շատ շքեղ է, շատ լավ կտորից պատրաստված: Գոհարին այն շատ է սազում: Սանրվածքը նույնպես շատ հետաքրքիր է: Ամեն ինչ լավ է, միայն ծաղկեփունջը կփոխեի:
Փեսան իր կերպարում է՝ իրեն համապատասխան: Նույնիսկ գունային վրիպումներ չկան:
Նյութը՝ esyes.am-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը